.
«Փրկության հրեշտակը»՝ ԱՀԱԸ 100-ամյակին

«Փրկության հրեշտակը» դարձյալ բեմում էր, այս անգամ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակի հանդիսությունների շարքում: Սեպտեմբերի 25-ին  «Հայասա» թատերախումբը՝ Նունե Աբրահամյանի գլխավորությամբ, եւս մեկ անգամ վերարտադրեց Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ վեր. Հովհաննես Էսքիջյանի կյանքն ու ցեղասպանության տարիներին Հալեպի կայարանից կյանքի գնով հարյուրավոր երեխաների փրկության սխրագործությունը (ներկայացման մասին տես այստեղ՝ http://eca.am/news):

Ներկայացման հիմքում փաստեր էին, որոնք 20 տարի առաջ հավաքագրել, հետազոտել եւ գրքի տեսքով հրատարակել էր գերմանացի պատմաբան, հետազոտող եւ գրող Հիլմար Կայզերը: Ներկայացումը դեռ չսկսած՝ հանդիսատեսին անակնկալ էր սպասվում: Կայզերը, ով հրավիրյալների ցանկում էր, բեմ բարձրացավ եւ պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ արխիվներն ուսումնասիրելիս հայտնաբերել Հովհաննես Էսքիջյանի անունը, գտել նրա որդուն, եւ առաջին ձեռքից արձանագրել պատմությունը՝ համադրելով դրանք քիչ պահպանված փաստաթղթերի հետ: Գերմանացի գրողը փաստեց, որ ցեղասպանության տարիներին հենց ավետարանականներն են սկսել «փրկության գործը», շատ դեպքերում ավետարանական հովիվների շնորհիվ է աշխարհն իմացել այդ սարսափելի ոճրի մասին եւ օգնության ձեռք մեկնել: 

Ներկայացման ավարտին ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն  Զավեն  Խանջյանն իր խոսքում նշեց. «Ավետարանչականը  ստեղծվել է վեր. Հ. Էսքիջյանի նման հոգևոր հովիվների և մեծ սիրտ ունեցող մարդկանց կողմից: Մենք ծնվել ենք Հալեպում, վեր. Հ.Էսքիջյանի կողմից փրկված երեխաներն են եղել մեր ծնողները:  Մենք այսօր հիշում ենք նաև վեր. Ահարոն Շիրաճյանին, Հրանդ Կյուզելյանին, ովքեր  նույնպես հազարավոր երեխաների կյանք փրկեցին»:

Ի թիվս այլ պատվավոր հյուրերի՝ հանդիսատեսի շարքում էր վեր. Հովհաննես Էսքիջյանի թոռը՝ Մարտին Էսքիջյանը, ում չափազանց հուզել էր ներկայացումը: Մարտինը նշեց, որ թեեւ չի տեսել պապին, բայց հանդիպել է նրա կողմից փրկված երեխաներին ու լիարժեքորեն հասկացել պապի կյանքի սկզբունքը՝ ապրել ու գործել ի փառս Աստծո եւ ի բարօրություն սեփական ժողովրդի: Մարտին Էսքիջյանն իր խոսքն ավարտեց՝ մեջբերելով Մատթեւոս 16.25-ում Քրիստոսի խոսքերը. «Ով որ իր անձը ուզի ապրեցնել, կկորցնի այն, եւ ով որ իր անձը կորցնի ինձ համար, կգտնի այն»:  

Կարդացեք նաեւ՝

 http://www.amaa.am , 

 http://hayernaysor.am

Նախորդ
...
X