«Քրիստոսը հարություն է առել». սա միայն Զատկին հնչող ուղերձ չէ, այլ մի ճշմարտություն, որով Տիրոջ Եկեղեցին ապրում է ամեն օր։
Ապրիլի 19-28-ը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Հայաստանի տարբեր քաղաքների 21 համայնքում անցկացվեցին հարությանը նվիրված հոգևոր միջոցառումներ, որոնք պարզապես հանդիսություններ չէին, այլ Հիսուսի Հրաշափառ Հարության մասին վկայող ու Ավետարանի ճշմարտության մասին խոսող նշանակալից իրադարձություններ։
Բոլոր միջոցառումների մասնակիցները՝ մեծից փոքր, հնարավորություն ունեցան վերապրելու Քրիստոսի հարության զորությունը՝ որպես անձնական հույսի, հաղթության և վերստին ծննդի հնարավորություն։
ՀԱԵ 19 համայնքում բեմադրվեց երկու խորիմաստ ներկայացում՝ «Որտե՞ղ է լույսը» և «Բարձրացրու՛ առագաստդ»:
«Որտե՞ղ է լույսը» ներկայացումը պատկերում էր խավարի և լույսի միջև ընթացող պայքարը՝ հիշեցնելով, որ թե՛ արտաքին և թե՛ ներքին հոգևոր խավարը միայն Քրիստոսի լույսով կարող է ցրվել։
«Բարձրացրու՛ առագաստդ» ներկայացումը հանդիսատեսին հորդորում էր վստահությամբ հանձնվել այն Միակին, ով կարող է ապահովել խաղաղ նավարկություն կյանքի փոթորկալից ջրերի մեջ։ Հիսուսն է մեր կյանքի Նավապետը, և միայն Նրա առաջնորդությամբ է հնարավոր անցնել փորձությունների միջով։
Բացի այդ, ՀԱԵ Գյումրիում բեմադրվեց «Քրիստոսի երկրորդ խաչելությունը», ՀԱԵ «Հույսի Տանը»՝ «Դատավարություն», իսկ ՀԱԵ ՀԱԹ-ում՝ «Հանդիպում Քեզ հետ» ներկայացումները։ Ամեն մի բեմադրություն յուրովի անդրադարձավ Քրիստոսի զոհաբերող սիրուն, Նրանից բխող ներման և հարության հույսի պատգամին՝ դիպչելով ներկաների սրտերին ու առաջնորդելով նրանց խորը մտորումների։
Այս միջոցառումները մեկ անգամ ևս վկայեցին, որ վերջին խոսքը մահին չի պատկանում, խավարը երբեք չի հաղթում լույսին, իսկ Քրիստոսի հարությունը շարունակում է կյանքեր փոխել։
Տերը հարություն է առել, և այդ հաղթության լուրը շարունակում է հնչել Նրա եկեղեցու շուրթերով։