Ապրիլի 26-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին՝ Երևանի Բաղրամյան 18 հասցեում, հյուրընկալել էր Երևանի և մոտակա տարածաշրջանի ՀԱԵ յոթ համայնքից ժամանած ավելի քան 100 կանանց, ովքեր մասնակցում են տեղական եկեղեցիներում կազմակերպվող Սուրբ Գրքի սերտողություններին։
Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ և հաղորդակցությամբ, այնուհետև շարունակվեց եկեղեցասրահում՝ միացյալ պաշտամունքով։ ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանը ողջունեց Բաղրամյան 18-ի, ՀԱԹ-ի, Հույսի Տան, ինչպես նաև Աբովյանի, Արմավիրի, Այնթապի և Արտաշատի կանանց խմբերին։ Նա ներկայացրեց համագումարի թեման՝ «Կեղծ աստվածներ», և հորդորեց ուշադիր լինել՝ նշելով, որ այս համագումարը նախաբանն է ամռանը նախատեսվող երկօրյա համագումարի, որի ընթացքում անդրադարձ է լինելու կռապաշտության տարբեր շերտերին։
Պաշտամունքի բաժինը սկսվեց ՀԱԵ Բաղրամյան 18-ի օգնական հովիվ Արկադի Հանիսյանի փառաբանության աղոթքով։
Համագումարի խոսնակը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատվելի Արամ Բաբաջանյանն էր։ Նա իր խոսքը սկսեց՝ կարևորելով կանանց դերը և հոգևոր կրթության անհրաժեշտությունը.
«Եկեղեցին կանանց կրթելու առաքելություն ունի։ Հենց այդ պատճառով այս համագումարը պարզապես միջոցառում կամ տարեկան ծրագիր չէ, այլ բացառիկ հնարավորություն՝ գուցե շատերի համար վերջին հնարավորությունը, որպեսզի առնեն Տիրոջ Խոսքն ու գնան այնտեղ, ուր Տերն է ցույց տալիս»։
Պատ. Բաբաջանյանը, անդրադառնալով համագումարի թեմային, նշեց. «Թեև հաճախ ենք լսում կեղծ աստվածների կամ կռապաշտության մասին, սակայն որքանո՞վ ենք տեսնում խնդիրը խորությամբ»: Նա մեջբերեց Ելք 20.1–6 համարներում Մովսեսին տրված առաջին և երկրորդ պատվիրանները՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ, թե երբ և ինչ պայմաններում տրվեցին այդ պատվիրանները։ Իսրայելի ժողովուրդը նոր էր ձևավորվում որպես ազգ և ուներ դրանց կարիքը՝ ազատագրվելու իր ներսի ստրուկից, որն ամենամեծ կուռքն էր։
Պատգամի առաջին բաժնից հետո կանայք բաժանվեցին ութ փոքր խմբի և քննարկեցին՝ ի՞նչ է կուռքը կամ կռապաշտությունն իրենց ընկալմամբ։ Բացի հայտնի ու հաճախ հիշվող կուռքերից, նրանք փորձեցին թվարկել թաքնված և վտանգավոր կուռքերի օրինակներ։ Ապա անկեղծորեն պատասխանեցին՝ արդյո՞ք կարողանում են իրենց կյանքում հեշտությամբ զանազանել կռապաշտությունը։ Եթե այո՝ ապա ինչպե՞ս, եթե ոչ՝ ապա ինչու՞։ Քննարկեցին նաև կռապաշտության խորքային հիմքերը, պատճառները, ինչպես նաև այն հաղթահարելու միջոցները։
Խմբային քննարկումներից հետո վերապատվելի Արամ Բաբաջանյանն ամփոփեց թեման՝ շեշտելով, որ նախքան դրսում կուռքեր փնտրելը, անհրաժեշտ է զննել սեփական սիրտը։ «Ամենամեծ կուռքը մեր ներսում է՝ մեր եսը։ Արտաքին ամեն բան ծառայում է հենց այդ ներսի կուռքին։ Կռապաշտությունը երբեմն նույնիսկ Աստծո հետ հարաբերությունների մեջ կարող է դրսևորվել։ Աստված բացարձակ ու օբյեկտիվ է, բայց մենք հաճախ ընկալում ենք Նրան մեր սուբյեկտիվ տեսանկյունից՝ արտատպելով մեզ Նրա մեջ։ Արդյունքում մենք տեսնում ենք Աստծուն մեր նմանությամբ, այլ ոչ թե հակառակը։ Այդպիսով մենք դառնում ենք ամենամեծ կուռքը, իսկ մնացած ամեն բան պարզապես ծառայում են այդ ներքին կուռքին»։
Պատվելին հավելեց, որ ներքին կռապաշտության լինել կամ չլինելու լավագույն ցուցիչը խոնարհության կյանքն է։ «Եթե մեր ներսի ստրուկը փառք է փնտրում, ապա նրան պետք է խոնարհեցնել։ Աստված կարող է փշրել այդ կուռքը, և դա կարող է ցավոտ լինել, բայց միայն այդ ճանապարհով կարող ենք ազատագրվել ու ապրել սրբության կյանք, որը կփառավորի Աստծուն և կիրագործի առաջին պատվիրանը»։
Համագումարը եզրափակվեց ՀԱԵ ավագ հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանի օրհնության աղոթքով։
Աստծո ողորմությամբ նմանատիպ համագումարներ նախատեսվում են նաև Սիսիանում՝ մայիսի 10-ին, որին կմասնակցեն Սյունիքի մարզի ՀԱԵ կանանց խմբերը, ինչպես նաև մայիսի 17-ին, Ստեփանավանում՝ հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց մասնակցությամբ: