«Սիրո Սեղանը»՝ «Հայասա» թատերախմբի բեմադրությամբ
2025 թվականի ապրիլի 24-ին և 25-ին, Երևանում՝ Բաղրամյան 18-ում, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) «Հայասա» թատերախումբը երկրորդ անգամ հանդիսատեսին ներկայացավ «Սիրո Սեղանը» բեմադրությամբ: Ռեժիսոր Նունե Աբրահամյանը ներկայացումը բեմադրել էր անվանի աստվածաբան և Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի նախկին դասախոս դոկտոր Քենեթ Բեյլիի «Խաչը և մոլորված որդին» պիեսի հիման վրա:
Պիեսը Ավետարանի հայտնի «Անառակ որդու վերադարձը» առակի մոտիվներով էր, և բացահայտում էր հոր անսահման սերը և ներողամտությունը՝ ընդգծելով Աստծո սիրո և ներողամտության արտահայտումը խաչի վրա: Ներկայացման հանդիսատեսը ականատես եղավ փորձառու ու վաստակավոր դերասանների անզուգական խաղին (Հոր կերպարը մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը), հոր և որդիների միջև տեղի ունեցող հուզիչ երկխոսություններին, որոնք արտացոլում էին մարդկային հարաբերությունների խորքային խնդիրներն ու Աստծո սիրո անսահմանությունը։
Ժառանգության իր բաժինը հոր կյանքի օրոք պահանջող որդին տակնուվրա է անում ընտանիքի անդորրն ու այդ օրվանից հայրը տան սեղանի հացը չի կիսում: Դեգերումներից հետո տուն վերադարձած որդուն հոր գրկաբաց ընդունելությունը բարկացնում է ավագ որդուն: Թշնամանքը խորանում է այնքան, որ ավագ որդին մարդասպան է վարձում եղբոր համար: Հայրը կանխում է ողբերգությունը սեփական մահով՝ ու միայն հոր ինքնազոհ սերն է հաշտեցնում եղբայրներին:
Ներկայացումն ավարտվում է վերջին ընթրիքի տեսարանով, որտեղ հարուցյալ Քրիստոսին խորհրդանշող հայրը վերջապես կիսում է հացը՝ սիրո սեղանի շուրջ:
Դահլիճը լեցուն էր Երևանի և շրջակա բնակավայրերից ժամանած հանդիսատեսով: Պատվավոր հյուրերի թվում էին AMAA գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանը, AMAA նախագահ Գարի Ֆիլիպսը և AMAA խորհրդի անդամ վեր. Ժոզեֆ Կարապետյանը: Ներկայացումը խորապես ազդել էր ներկաների վրա՝ շատերը դահլիճից դուրս էին գալիս արտասվելով՝ խորապես ազդված Ավետարանի ուղերձով՝ Արդար ու սիրող Աստված խաչի վրա արտահայտեց իր ներողամտությունն ու սերը մարդկանց հանդեպ։