.
Արմավիրի երգչախմբի ելույթը ԱՀԱԸ 100-ամյակին

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 100-ամյակի տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց Բաղրամյան 18-ում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության Արմավիրի երգչախմբի համերգով:

Համերգային ծրագրի հանդիսավոր բացումը կատարեց Անդրանիկ Մարդոյանը՝ բեմ հրավիրելով ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին, ով ողջունեց ներկաներին և 100-ամյակի միջոցառումների համար տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին: Այնուհետև Արմավիրի երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀԱԵ Արմավիրի հոգևոր հովիվ Վեր. Գարուշ Անտոնյանը փառք տվեց Աստծուն Ավետարանչականի գործունեության համար, որ հայապահպանության գործին է լծված հիմնադրման օրվանից: Վերապատվելին նկատեց, որ ցեղասպանության տարիներին Հայրենիքի կոտրատված ծառի վրա ԱՀԱԸ-ն մի ընձյուղ էր, որը ծաղկեց և պտուղներ տվեց: Այդ ընձյուղը շարունակում է պտղաբերել մինչև օրս, և Արմավիրի երգչախումբն այդ պտուղներից մեկն է:

Այնուհետև սկսվեց բուն համերգը. ավելի քան մեկ ժամ տևողությամբ հոգևոր, ազգային և ժողովրդական երգեր, մեկ տասնյակից ավելի կատարումներ Թորոսյանի, Զոհրաբյանի, Հեքիմյանի, Բաբաջանյանի, Մավիսակալյանի, Աճեմյանի երգացանկից, ինչպես նաև Կոմիտաս, Սայաթ -Նովա: Երգչախմբի հարուստ երգացանկն իսկապես հուզեց հանդիսատեսին:

Մեներգիչներ Մարետա Անտոնյանը և Արմեն Ավետիսյանը 6 ջութակի, դուդուկի և զուռնայի նվագակցությամբ Արարչի գովերգումից մինչև Հայոց Աշխարհի, Նաիրյան չքնաղ երկրի, սիրո և ազատության մասին երգեցին:

Համերգային ծրագրից հետո խոսքով հանդես եկավ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ով խոնարհվեց երաժիշտների առջեւ՝  գնահատելով նրանց արվեստը: Պարոն Խանջյանը ԱՀԱԸ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը բարձր սանդղակ համարեց ու նկատեց, որ թեեւ Հայաստանը հարուստ չէ նավթով կամ այլ օգտակար հանածոներով, բայց մեր երկրի անգնահատելի կապիտալը եղել եւ մնում է մարդկային պոտենցիալը, որի վառ ապացույցն է նաեւ Արմավիրի երգչախումբը:  

Հանդիսատեսն ու հատկապես սփյուռքահայ հյուրերը դահլիճից հեռացան հուզված և հայրենիքի սիրով տոգորված՝ փառք տալով Աստծուն այն ամենի համար ինչ որ ունեն:

Արմավիրի երգչախմբի պատմությունը սկսվում է հեռավոր 1998թ.-ից: Դեռևս 20 տարի առաջ Վեր. Գարուշ Անտոնյանն ու Մարետան նախաձեռնեցին ու Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ մանկական երգչախումբ ստեղծեցին՝ կարճ ժամանակահատվածում ավելի քան 60 երեխա ընդգրկելով հոգևոր-մշակութային ծրագրերում: Այնուհետեւ, երբ ձեւավորվեց նվագախումբ-երգչախումբը, սկսվեցին նաև հյուրախաղեր Հայաստանում, Արցախում,Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում:

Երգչախմբի երեխաներից շատերի համար արվեստը դարձավ Աստծուն ճանաչելու առիթ, ոմանք մինչև օրս էլ շարունակում են իրենց երաժշտական կարողությունները ծառայեցնել ի փառս Աստծո:

Նախորդ
...
X