.
Քայլերթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (AMAA) Ծիծեռնակաբերդ բարձրացան միասնական քայլերթով։ Այդ համախմբված երթը ոչ միայն հիշատակի խորհրդանշական արարողություն էր, այլև ուխտագնացություն դեպի մեր ազգային հիշողության ու ինքնության խորքերը։

Ծիծեռնակաբերդի ճանապարհին յուրաքանչյուր քայլ սրտի մի նոր զարկ էր՝ լուռ, բայց հուժկու վկայություն, որ ցավը չի մոռացվել, իսկ զոհերի ձայնը չի լռեցվել, քանի դեռ հիշում ու խոսում են սերունդները։ Այդ քայլերթը հոգու համր ճիչ էր՝ ի հիշատակ նրանց, ում արյամբ գրվեց մեր պատմության ամենաարյունոտ էջերից մեկը։ Զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առաջ խոնարհումը սոսկ անցյալի ցավի արձագանքը չէ․ այն մեր հավաքական ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության ու արդարության փափագի խորհրդանիշն է։ Այնտեղ՝ այդ լռության մեջ, հնչում է մեր ներքին ուխտը. երբեք չմոռանալ և չհանձնվել։

Այդ լուռ երթի մեջ կար խոկում և աղոթք՝ թե՛ արդարության վերականգնման, և թե՛ խաղաղության հաստատման համար՝ ոչ միայն մեր ժողովրդի, այլև ամբողջ մարդկության կյանքում։

«Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա» (Սաղմոս 37․28)։

 
 
 
Նախորդ
...
X