.
ՀԱՀԽ-ի հիշատակի հռչակագիրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Հիշատակի Հռչակագիր Հայոց Ցեղասպանության 110-րդ Տարելիցի Կապակցությամբ

 

Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ

 

 

Ապրիլի 24, 2025

 

 

Այս խորապես վշտալի օրը Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 110-րդ տարելիցը։

 

 

Խորին հարգանքով և ակնածանքով խոնարհվում ենք մեր նահատակների՝ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակի առաջ։ Նրանց կյանքերը բռնությամբ խլվեցին, տներն ու համայնքներն ավիրվեցին, եկեղեցիները, դպրոցները և առողջապահական ու կրթական հաստատությունները ոչնչացվեցին, մշակութային ժառանգությունը թալանվեց, իսկ հայրենի հողը պղծվեց։ Մենք հիշում ենք ոչ միայն մեր ժողովրդի նկատմամբ գործադրված ֆիզիկական ոչնչացումը, այլ նաև անչափելի հոգևոր, մշակութային, տնտեսական և սերնդային կորուստները, որոնք մինչ օրս շարունակում են ազդել մեզ վրա։

 

110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը հիշողության, արդարության, բուժման և առաջընթացի նկատմամբ։ Մենք միանշանակ մերժում ենք Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ողջ հայկական պատմության պատմական ճշմարտությունը ժխտելու, խեղաթյուրելու կամ վերաշարադրելու ուղղությամբ իրականացվող բոլոր ջանքերը՝ թե՛ դրա իրականացողների, և թե՛ նրանց իրավահաջորդների կողմից։ Փաստերը վերացնելու, զոհերին մեղավոր ներկայացնելու կամ վերապրածների ու նրանց ժառանգների ձայնը լռեցնելու փորձերը ծանր անարդարություններ են և բարոյական ձախողումներ, որոնք էլ ավելի են խորացնում պատմության վերքերը։

 

Ցավոք, աշխարհի լռությունն ու անտարբերությունը դեռ շարունակվում են։ Վերջերս տեղի ունեցած պատմական հայկական Արցախ աշխարհի յուրացումը, նրա նախկին ղեկավարության ապօրինի ձերբակալությունները և ձևական դատավարությունները, ինչպես նաև բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իրենց հողին կառչած սերունդների հարկադիր տեղահանումը ցեղասպան մտածելակերպի նոր դրսևորումներ են։ Միջամտելու կամ բարոյական հստակությամբ խոսելու հարցում միջազգային հանրության ձախողումն ընդգծում է լռության շարունակական մեղսակցությունը։

 

Ավելի քան մեկ դար համաշխարհային տերությունները, քաղաքական կազմավորումները, նույնիսկ կրոնական, ակադեմիական և իրավական հաստատությունները շատ հաճախ աչք են փակել ճշմարտության առջև՝ առաջնորդվելով ոչ թե արդարությամբ, այլ նպատակահարմարությամբ։ Այդ լռությունը մարդկության վրա ծանր հետևանք է թողել՝ ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Ցեղասպանության ժխտումը շարունակում է մնալ բարոյականության քայքայման ամենապերճախոս և վտանգավոր դրսևորումներից մեկը ժամանակակից աշխարհում։ Հայոց պատմության, մշակույթի և հողի ճշմարտությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ պետք է վճռականորեն մերժվի քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Այդպիսի վերաշարադրման ափսոսալի օրինակներից մեկը վերջերս Բաքվի կողմից կազմակերպված և Հռոմի Գրիգորեան Պապական Համալսարանում անցկացված գիտաժողովն էր՝ պատմական գիտելիքի և բարոյական պատասխանատվության խաթարում։

 

Միևնույն ժամանակ, մենք խորին երախտագիտությամբ ճանաչում և մեծարանք ենք հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին, եկեղեցիներին և այլ կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և շարունակում են կարևոր դեր ունենալ դրա վերքերի բուժման գործում։ Նրանց հավատարմությունը ճշմարտությանը և արդարությանը  բարոյական խիզախության փարոս է մի աշխարհում, որը հաճախ բնութագրվում է լռությամբ, շահախնդրությամբ և ժխտումով։

 

Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝ մահի ու ավերածության, աքսորի ու ցրման միջով անցած հայ ժողովուրդը շարունակում է գոյատևել։ Մենք պատվումում ենք Աստծուց բխած այն տոկունությունը, որը մեզ զորացրել է ոչ միայն գոյատևելու, այլ նաև բարգավաճելու համար։ Գոհություն ենք մատուցում մեր նախնիների երազանքների իրականացման համար՝ Հայաստանի անկախ Հանրապետության հիմնադրման և զարգացման միջոցով։ Մենք բարձր ենք գնահատում Հայ սփյուռքի կենսունակությունը, որը ծաղկում է տարբեր մայրցամաքներում և մեր ժողովրդի անշեջ ոգու կենդանի վկայությունն է։

 

Մեր քրիստոնեական հավատքի սկզբունքների վրա հենված և Հարություն առած Տիրոջ կենդանի հոգով զորացած՝ մենք կոչ ենք անում խղճմտանքով առաջնորդվող բոլոր մարդկանց կանգնել ճշմարտության, արդարության և խաղաղության կողքին։ Ճշմարիտ հաշտեցումը պետք է սկսվի պատմական ճշմարտության ճանաչմամբ, ցեղասպանության և դրա ժխտման համար զղջմամբ, ինչպես նաև հիշատակի արժևորմամբ։ Ցեղասպանությունը երբեք չպետք է դառնա քաղաքական շահարկման առարկա, այլ պետք է դիտվի որպես բարոյական ամենաբարձր լրջությամբ և հստակությամբ արժևորվող իրողություն։

 

Թող այս 110-րդ ոգեկոչումը լինի ոչ միայն անցյալի հիշատակ, այլ դառնա արդարության, մարդկային արժանապատվության և կյանքի սրբության նորոգված հանձնառություն։ Թող այն կոչ լինի բոլոր հայերին՝ մնալու ամուր հավատքի և տոկունության մեջ՝ միասնության և անձնվիրության ոգով շարունակելով ազգայինի կառուցման հանդեպ իրենց նվիրվածությունը։ Եվ թող այն կոչ լինի համաշխարհային հանրությանը՝ արթնացնելու իր խիղճն ի տես բոլոր ժամանակակից ցեղասպանությունների պատմության և դեռ շարունակվող ցավալի իրականության։

 

Թող մենք մնանք մեր նահատակների ժառանգության հավատարիմ պահապանները և անդադար աշխատենք արդար ու խաղաղ աշխարհի համար, որտեղ այդպիսի չարիքի ծաղկումն այլևս երբեք թույլ չի տրվի։

 

 

 

Հիշատակի ակնածանքով՝

 

ՀԱՀԽ նախագահ՝ Վեր․ Դոկտոր Փոլ Հայդոսթյան

 

ՀԱՀԽ գործադիր քարտուղար՝ Վեր․ Դոկտոր Վահան Թութիկյան                            

Նախորդ
...
X