.
ՀԱԵ-ն արժեվորեց Համ.Ավ.Եր. համագումարը

Օգոստոսի 2-16-ը Հայստանում կայացած համաավետարանական երիտասարդական համագումարն արժեւորելու եւ հետագա գործնական քայլերը ծրագրելու համար այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանում էին հավաքվել Հայաստանի տարբեր քաղաքներից այդ համագումարին մասնակցած ՀԱԵ ծառայողներն ու երիտասարդները, ինչպես նաեւ իրենց մասնակցությունը երաշխավորած հովիվները:

Հանդիպումը սկսվեց փառաբանության պաշտամունքով եւ Աստծո խոսքի պատգամով: Վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց 2 բառերի կարեւորության մասին: Առաջինը, որ Հռովմեացիս 12.1 համարում էր գործածված, պաշտամունքն էր: Վերապատվելին շեշտեց, որ լավագույն  պաշտամունքը ոչ թե արարողությունն է, այլ Աստծուն հաճելի ու նրա կամքին համապատասխանն կյանք ապրելը: Այնուհետեւ մեջբերելով Ծննդոց 12.1-2 համարները՝ Վեր.Մելքոնյանը խոսեց ավետարանչության մասին: Նա Աբրահամի օրինակով ցույց տվեց, որ ավետարանչությունը նախ եւ առաջ Աստծուց օրհնությունն առնելով մյուսների համար օրհնություն լինելն է. այսինքն՝ գնալ այնտեղ, որտեղ Աստծուն չեն ճանաչում, եւ սեփական օրինակով մարդկանց ուղղորդել դեպի Աստված՝ ծառայաություն այնտեղ, որտեղ չկա փառաբանություն:

Հանդիպման հոգեւոր բաժնից հետո տեղի ունեցավ համաավետարանական երիտասարդական համագումարի արժեւորումը, որը երեք փուլից էր բաղկացած: Նախ երիտասարդներն ամոփեցին, թե ի՞նչ ակնկալիքներով էին եկել համագումարին եւ ի՞նչը հատկապես տպավորեց նրանց:

Երկրորդ փուլում ներկայացվեց համագումարի ընթացքում մշակված առաջարկների փաթեթը: Արժեւորմանը ներկա հովիվների կողմից առաջարկ եղավ այդ փաթեթը քննարկելու եւ գործնականում դրանք կիրառելու մեխանիզմներ գտնելու համար երկու հանձնաժողով կազմել. մեկը՝ ՀԱԵ խորհրդի անդամներից, որ մեծամասամբ ավագ սերնդի ներկայացուցիչներ են, մյուսը՝ համագումարի մասնակից երիտասարդներից, այնուհետեւ համադրել այդ երկու խմբերի աշխատանքները: Գործընթացի մեկնարկը տրվեց: Երիտասարդները որոշեցին աղոթքով գալ Աստծո առջեւ, եւ միայն կոչումը ստանալուց հետո ներգրավվել այդ խմբի մեջ:

Արժեւորման հանդիպման 3-րդ փուլում առաջարկվեց աշխատանքային քարտեզ եւ խումբ ձեւավորել, որոնք կօգնեն Հայաստան ժամանող եւ ՀԱԵ շրջանակներում ծառայություն բերող արտասահմանցիներին ավելի հստակ գիտակցել մեր կարիքներն ու հնարավորոթյունները, մինչեւ Հայաստան ժամանելը ծանոթանալ հայկական մշակույթին ու այն մարդկանց մտածելակերպին, որոնց պատրաստվում են ծառայել:

Հանդիպումն ավարտվեց աղոթքի համար հատկացված ժամանակով: Ներկաները 3-6 հոգանոց խմբեր կազմեցին եւ աղոթքի ժամանակ տրամադրեցին քննարկված ծրագրերի եւ Աստծո կամքի համեմատ լուծումներ գտնելու համար:

Նախորդ
...
X