.
Ավարտվեց Համաավետարանական երիտասարդական համագումարը

Հայաստանում մեկնարկած համաավետարանական երիտասարդական համագումարն այլեւս պատմություն է: Օգոստոսի 2-16-ը, աշխարհի 4 ծայրերից 100-ից ավելի Հայ Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) երիտասարդներ և ակտիվ ծառայողներ միացել էին Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին՝ Հայրենիքում:  Այս ծրագիրը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ՝ ԱՀԱԸ 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Նպատակը՝ հայրենիքին, ՀԱԵ 170-ամյա պատմությանը, իրենց ինքնությանը (թե՛ որպես հայ, եւ թե՛ որպես Հայ Ավետարանական քրիստոնյա) ինչպես նաեւ դրանցից բխող մարտահրավերներին ծանոթացնելն էր:

Համագումարի մասին պատմող համառոտ տեսանյութը հայերենով 
Brief video about the Youth Conference in Armenian

 

Համագումարի մասին պատմող համառոտ տեսանյութը անգլերենով
Brief video about the Youth Conference in English

Համագումարի առաջին օրերը ճանաչողական էր. Երիտասարդները եղան Հայաստանի միակ էկո ուսումնական հաստատությունում՝ Ավետիսյան դպրոցում  (www.avedisianschool.am), այցելեցին եղեռնի թանգարան և Ծիծեռնակաբերդ, իսկ երեկոյան հայկական ժողովրդական երգերի համերգ վայելեցին «Հայրեններ» երգչախմբի կատարմամբ: Եղան նաեւ Խոր Վիրապում, Տաթեւի վանական համալիրում, Սեւանա լճում, Էջմիածնի մայր տաճարում, Հաղարծինում:

Օգոստոսի 6-ից մեկնարկեց համաավետարանական երիտասարդական կոնֆերանսը: Ամեն օր կոնֆերանսը սկսվում էր փառաբանության պաշտամունքով, այնուհետեւ մասնակիցները՝ հովիվների պատգամների միջոցով սերտում էին Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված 2-րդ նամակը՝ ամեն օր մեկ գլուխ: Այդ սերտողությունը հնարավորություն տվեց նրանց մտածելու թե ի՞նչ կոչում ունեն Աստծուց, եւ ինչպես կարող են այն իրականություն դարձնել:

Համագումարի ընթացքում պատգամների շարքը Բ Տիմոթեոսից 
Four sermons on the II Timothy

Կոնֆերանսի կարեւորագույն բաժիններից մեկը՝ ՀԱԵ անցյալին, ներկային ու ապագային վերաբերող դասախոսություններն էին: Բանախոսների մի մասը՝ ԱՄՆ-ից եւ Մերձավոր Արեւելքից, վիդեոդասախոսությունների միջոցով ներկայացրեցին նյութը: Առաջին օրվա թեման ՀԱԵ անցյալն էր՝ պատմությունը, ձեւավորման պայմաններն ու սկզբունքային պատճառները:

ՀԱԵ անցյալի մասին տեսադասախոսությունները
Lectures about the past of the Armenian Evangelical Church

Երկրորդ օրը երիտասարդները լսեցին ՀԱԵ պաշտամունքի ոճի, ինչպես նաեւ ներկային վերաբերող այլ խնդիրների մասին:

ՀԱԵ ներկայի մասին դասախոսություները
Lectures about the present of the Armenian Evangelical Church

ՀԱԵ պաշտամունքի ոճի մասին դասախոսությունները
How the worship style evolved in the Armenian Evangelical Church
 

  

Երրորդ օրը ՀԱԵ ավագ հոգեւոր Հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը պատգամի միջոցով հորդորեց երիտասարդներին մտածել ՀԱԵ ապագայի մասին, փնտրել Աստծո կամքն ու տեսնել  իրենց առաքելությունն այդ կարեւոր գործում:

ՀԱԵ ապագայի մասին դասախոսությունը
A lecture about future of the Armenian Evangelical Church

Յուրաքանչյուր դասախոսությունից հետո կոնֆերանսի մասնակիցները նյութը քննարկելու եւ վեր բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գրելու հնարավորություն ունեցան, որոնք ամփոփվեցին համագումարի նախավերջին օրը՝ օգոստոսի 15-ին: Առաջարկների ռազմավարական փաստաթուղթը նախատեսվում է ուղարկել ՀԱԵ համաշխարհային խորհրդին եւ աշխարհի բոլոր ծայրերում գործող ՀԱԵ հովիվներին, որպեսզի քննարկեն դրանց իրագործման հնարավորություններն ու կյանքի կոչելու ուղիները:

Առաջարկների ցանկը՝ հայերեն և անգլերեն, կարող եք տեսնել հետևյալ հղումով՝
The list of the suggestions the conference complied 

http://eca.am/media/uploadfiles/suggestions-list.pdf

Սերտողություններից ու դասախոսություններից ազատ ժամերին երիտասարդները ծանոթացան հայկական մշակույթին՝ ժողովրդական երգեր ու պարեր սովորեցին, հայկական ավանդական փոխինձից մինչեւ խորովածի պատրաստման եղանակներին ծանոթացան, ցուցադրեցին իրենց տաղանդները: 

Կոնֆերանսի մեկնարկի եւ ամփոփման միջակայքում համաավետարանական երիտասարդական համագումարի մասնակիցները նաեւ Աստծո սերը գործնականում դրսեւորելու, իրենց հայրենակիցների հետ լինելու ու զգալու, ինչպես նաեւ նրանց ծառայելու հնարավորություն ստացան: Երիտասարադները փոքր խմբերով մեկնեցին Հայաստանի 16 շրջաններ (19 վայր, 29 ծրագիր), որպեսզի շոշափելի կերպով ծառայեին, պատմեին իրենց հավատքի մասին և տարածեին Քրիստոսի սերը: Գրեթե 4 լիարժեք աշխատանքային օր երիտասարդները կամավոր ծառայեցին՝ վերանորոգեցին եւ բարեկարգեցին անապահով ընտանիքների բնակարանները, ՀԱԵ/ԱՀԱԸ կառույցները, ուսումնական հաստատություններ, ծառատունկ ու հանրային այլ օգտակար գործունեություն ծավալեցին, այցելցին միայնակ ծերերի, մաքրեցին նրանց բնակարանները, խոսեցին նրանց հետ Աստծո մասին, մուրաբա, չիր եւ շուջուխ պատրաստեցին Շող ցերեկային կենտրոնների (www.amaa.am) սաների համար, բանջարաբոստանային աշխատանքներ կատարեցին, հանրային զբոսայգիներ մաքրեցին եւ գործուն մասնակցություն ունեցան տարբեր քաղաքներում տեղի ունեցող ՀԱԵ/ԱՀԱԸ բակային ճամբարներին:

Բոլորը շատ տպավորված էին այն աշխատանքներով, որոնք իրականացրել էին: Առաջնորդները վկայում էին, որ ոչ մի երիտասարդ չի տրտնջացել եւ սիրով կատարել է ինչպես ծանր ֆիզիկական աշխատանքները, այնպես էլ բարեգործական եւ հոգեւոր ծառայությունները:

Չորաթան մեկնած խումբը, օրինակ, պատմեց 2 անչափահաս որբերի խնամող մի տատիկի մասին, ով սառնարանի կարիք ուներ եւ դրամահավաքի առաջարկ արեց, որին երիտասարդները անմիջապես արձագանքեցին եւ ժամերի ընթացքում գումարը հավաքվեց: Մարգահովիտ մեկնած խումբը պատմեց, թե ինչպես են ATP-ի (Armenia Tree Project/Ծառատունկ Հայաստան) հետ համագործակցության ընթացքում մտերմացել այդ գյուղի երեխաների հետ, իսկ վերջին օրը իրենց միջոցներից տրամադրել և դպրոցական պայուսակներ են գնել բոլոր առաջին դասարանցիների համար:

Երիտասարդները վկայում էին, որ կամավոր ծառայությունների ընթացքում շատ բան են սովորել՝ միջանձնյա հարաբերություններից, քչով բավարարվելուց մինչեւ ուրիշին ծառայելու օրհնություններն ու ամեն բանի համար Աստծուն փառք տալու կարեւորությունը:

Համագումարի վերջին օրը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբար էր այցելել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր խոսքում կարեւորեց համագումարն ու սփյուռքահայ երիտասարդների Հայաստանի կարիքավորներին ծառայելու պատրաստակամությունը (Նախարարի այցի մանրամասները այստեղ՝ www.mindiaspora.am)։ Երիտասարդներին կոչ արվեց վերադառնալ Հայաստան՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ ծրագրերով, եւ ծառայել հայրենիքին ներդնելով իրենց գիտելիքը, ընդունակություններն ու շնորհքները: 

Ամփոփելով անցած 14 օրը կարելի է ասել, որ զգալի էր Աստծո ներկայությունը: Աղոթում ենք, որպեսզի այն հոգեւոր սնունդը եւ ուժը, որ երիտասարդները վայելեցին Հայրենիքում, իրենց հետ տանեն եւ նպաստեն իրենց եկեղեցիների ու ՀԱԵ միությունների աշխուժացմանը: Սա, թերեւս, երիտասարդների շրջանում ԱՀԱԸ 100-ամյակը տոնելու ամենակարեւոր տարբերակն էր:

 

Նախորդ
...
X