.
ՀԱԵ պատանիները Էկումենիկ ճամբարում

Հայաստանում «Քրիստոնյա Կանանց ֆորում»-ը Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության հովանավորությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Հայ Ավետարանչական ընկերակցության, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և «Հայաստանի Կաթողիկե առաջնորդարանի հետ համագործակցությամբ հուլիսի 10-17-ը կազմակերպեց երրորդ էկումենիկ ամառային ճամբարը։

Էկումենիկ ճամբարն անցկացվեց Կեչառիսի վանքին կից Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Ծաղկաձորյան ճամբարում։ Ճամբարին մասնակցեցին Հայաստանում ապրող տարբեր ազգությունների (հայ, ասորի, հույն) և Հայաստանում գործող տարբեր եկեղեցիների (Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե, Հայաստանյայց Ավետանական, Ասորական) 13-16 տարեկան 40 աղջիկներ:

Ճամբարի կարգախոսն էր՝ «Սիրի՛ր մերձավորիդ ինչպես քո անձը» (Մատթ. 22.39): Ամառային Էկումենիկ ճամբարի գլխավոր նպատակն էր՝ Հայաստանի պատանիներին տալ քրիստոնական դաստիարակություն՝ հիմնված Սուրբ Գրքի սերտողության վրա:

Ճամբարի յոթօրյա բուռն ծրագիրն իր մեջ ներառում է աստվածաշնչային գիտելիքների ձեռքբերում, ՀՀ-ում գործող քրիստոնեական եկեղեցիների մասին ծանոթություն և եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ հանդիպում, տիկնիկագործության, կարպետագործության և ասեղնագործության ուսուցում, ազգային պարի դասեր, ժողովրդական ծեսերի մասին դասընթաց, հոգեբանի և սոց. աշխատողի հետ խմբային և անհատական աշխատանքներ:

Ուսուցողական դասընթացներից ու հանդիպումներից բացի ճամբարականների ազատ ժամանակը հատկացվում էր բակային ուրախ խաղերին և հետաքրքիր տեսահոլովակների դիտմանը։ 

Ճամբարի հանդիսավոր փակմանը հրավիրված էին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանը, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի կոորդինատոր Կարինե Բաղդասարյանը, Հայ Ավետարանական Եկեղեցու Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տեր Կոմիտաս Դավեյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում անցկացվող աղոթքի և առանձնացումի մասնակցող շուրջ քսան քահանաներ։ 

Նախորդ
...
X