Սուրբ Ծնունդն Աստծո փրկարար սիրո ուրախությունը վայելելու և այդ ուրախության մասին ուրիշներին պատմելու հիանալի առիթ է: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) աջակցությամբ և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) միջոցով այդ ուրախությունը հասանելի դարձավ հազարավոր մարդկանց:
2025 թվականի սուրբծննդյան տոնական միջոցառումներն անցկացվեցին դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 12-ը: Հայաստանի տարբեր բնակավայրերում հազարավոր մանուկների, պատանիների և մեծահասակների փոխանցվեց կարևոր ուղերձ՝ հիմնականում թատերական ներկայացումների միջոցով. սուրբծննդյան ուրախությունը հորդորում է փոխվել ու փոխել միջավայրը՝ դարձնելով այն ավելի խաղաղ, համերաշխ և լուսավոր:
ՀԱԵ 22 տեղական եկեղեցի մեծ պատրաստվածությամբ հանդես եկավ սուրբծննդյան տոնական ծրագրերով: Դրանցից 20-ում բեմադրվեց «Ձեռք ձեռքի» պիեսը: Հեղինակ Զոհրաբ Բեկյանը պիեսը գրել էր՝ հիմնվելով Եփեսացիներին 4.32 համարի վրա. «Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»: ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության ծառայակիցները ջանք չէին խնայել Քրիստոսի Ծննդյան Ավետիսը հնարավորինս մատչելի, գեղեցիկ ու յուրահատուկ ներկայացնելու համար: Հատուկ ուշադրություն էր դարձվել այն գաղափարին, որ սերն ու ներողամտությունը կարող են միավորել մարդկանց և նպաստել դրական փոփոխություններին:
Այս տարի սուրբծննդյան տոնական ծրագրերի շրջանակում Երևանի, Այնթապի և Աբովյանի 3,200 մանուկ ու պատանի հավաքվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ դիտելու Նունե Աբրահամյանի «Մեկ բարի գործ» ներկայացումը: Երկու օր շարունակ մի քանի հերթափոխով ներկայացման հանդիսատեսը վայելեց պրոֆեսիոնալ դերասանների ու «Հայասա» թատերախմբի երեխաների խաղը և սովորեց, որ մեկ բարի գործը կարող է վարակիչ լինել ու նորերի առիթ դառնալ: Ներկայացումն ամփոփվեց Պողոս առաքյալի՝ Գաղատացիներին ուղղված նամակի 6-րդ գլխի 9-րդ համարով. «Բարիք գործելուց չձանձրանա՛նք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք»:
Ավելի քան 10,000 հանդիսատես Հայաստանի 42 բնակավայրում, այդ թվում՝ 22 սահմանամերձ գյուղում, լսեց, տեսավ և վայելեց Աստծո սիրո և Սուրբ Ծննդյան պատգամը:
Բոլոր միջոցառումները եզրափակվեցին տոնական անակնկալով. երեխաներն իրենց հետ տուն տարան մեկ փոքրիկ պարկ նվեր՝ փաթեթավորված ջերմությամբ և սիրով: