Գործք Առաքելոց 15․ 36-41 Կիրակի | Հունվար 12
Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։
Բ Տիմ․ 4․11
ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ԳԻՏԻ
Էրինն աշխատասեր և պատասխանատու մասնագետ էր, ով միշտ գերազանցությամբ էր կատարում իր պարտականությունները: Բայց մի օր նրան մեղադրեցին խարդախության մեջ, և հետաքննության ընթացքում նրան առաջարկեցին արձակուրդ վերցնել: Նա մտածեց աշխատանքից հեռանալու մասին՝ որպես բողոքի նշան, սակայն նրան խորհուրդ տվեցին չկատարել այդ քայլը. «Աշխատանքից հեռանալը միայն կուժեղացնի մեղադրանքների հիմքը»: Այսպիսով, Էրինը որոշեց մնալ՝ աղոթքով խնդրելով Աստծուն, որպեսզի արդարությունը վերականգնվի: Մի քանի ամիս անց նրան արդարացրին, և Էրինը վերադարձավ իր աշխատանքին:
Հավանաբար, Մարկոսն ապրում էր նույնպիսի ցավալի զգացումներ, երբ Պողոս առաքյալը որոշեց նրան չընդգրկել միսիոներական ճանապարհորդության մեջ։ Ճիշտ է, Մարկոսը մի անգամ արդեն ճանապարհի կեսից բաժանվել էր Պողոսից և Բառնաբասից (Գործք․ 15․37-38) և, հավանաբար, խորապես ափսոսացել իր արարքի համար, այժմ հույս ուներ, որ կստանա երկրորդ հնարավորություն։ Սակայն Պողոսը հաստատակամ մնաց իր որոշման մեջ, և միայն Բառնաբասն էր, ով շարունակեց հավատալ Մարկոսի կարողություններին ու ներուժին։
Տարիներ անց Պողոսի կարծիքը փոխվեց։ «Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է», - գրում է նա Տիմոթեոսին (Բ Տիմ. 4․11): Հավանաբար, Մարկոսը մեծ թեթևություն զգաց, երբ իր հեղինակությունը վերականգնվեց Պողոսի աչքում։
Եթե մեզ անարդարացիորեն մեղադրեն, թող դա չսասանի Աստծո հանդեպ մեր վստահությունը։ Հիշենք, որ Քրիստոսը լիովին հասկանում է մեր զգացմունքները։ Նրան նույնպես մեղադրեցին մեղավորի պես և վերաբերվեցին ավելի վատ, քան հանցագործին, չնայած Նա Աստծո Որդին էր։ Բայց Քրիստոսը մինչև վերջ հավատարիմ մնաց Իր Հոր կամքին՝ գիտակցելով, որ Աստված կարդարացնի և կփառավորի Նրան։ Եթե կանգնենք անարդար մեղադրանքի առաջ, չընկճվենք. Աստված ամեն ինչ տեսնում է և իր ժամանակին կվերականգնի արդարությունը։
Երբ մեզ անարդարացիորեն դատապարտեն, Քրիստոսի օրինակին հետևելով՝ հենվենք Աստծո կողմից տրված խոստումների վրա:
Աղոթք – Երկնային Հա՛յր, միայն Դու գիտես, թե ինչ եմ զգում և ինչ փորձությունների միջով եմ անցնում: Պարգևի՛ր ինձ հավատք և համբերություն՝ սպասելու և հույսս Քեզ վրա դնելու, քանի որ Դու արդար Աստված ես: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 29-30, Մատթեոս 9․ 1-17