Ա Հովհաննես 2․23 - 3․3 Շաբաթ | Հունվար 11
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք․․․ Ա Հովհ․ 3․1
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԵՐ
Եթե այսօր այցելենք աշխարհի բոլոր գրախանութները, ապա կգտնենք երեխաների դաստիարակությանը նվիրված բազմաթիվ գրքեր։ Այդ գրքերը լի են տարաբնույթ խորհուրդներով, որոնք երբեմն կարող են հակասել միմյանց։ Սակայն բոլոր հեղինակները համակարծիք են մի հարցում՝ երեխաների ամենախոր պահանջը սիրված լինելն է։ Սերն այն հիմքն է, որով երեխաները գնահատում են իրենց արժեքն ընտանիքում և գիտակցում իրենց պատկանելիությունը դրան։ Այն կերտում է նրանց բնավորությունը և տալիս ինքնավստահություն։ Սերը փոփոխական զգացում չէ. այն կենդանի և իրական ուժ է։
Հովհաննես Առաքյալը մեծ սիրով ու հուզիչ պատկերներով նկարագրում է Երկնային Հոր անսահման սերն Իր զավակների նկատմամբ։ Աստված անհատույց և առատաձեռնորեն պարգևում է Իր սերը, որպեսզի մենք վստահ լինենք Նրա՝ մեր հանդեպ ունեցած սիրո անսասանության մեջ։ Հովհաննես Առաքյալը գրում է. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք․․․» (Ա Հովհ. 3․1): Այնուհետև ավելացնում է. «Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի» (Ա Հովհ. 4․14): Քրիստոսը՝ խաչվելով մեր մեղքերի համար, ցույց տվեց Աստծո սիրո խորությունն ու մեծությունը։ Հենց այս աստվածային սերն է, որ մեղավոր մարդուն դարձնում է Աստծո զավակ։
Վստահե՛նք այս խոստմանը և չկասկածե՛նք։ Հավատանք, որ Աստված անսահման սիրում է մեզ, և բաց սրտով ընդունենք այն ամենը, ինչ նախապատրաստել է մեզ համար։ Նրա սերը չի սահմանափակվել խաչի զոհաբերությամբ. այն շարունակում է առատորեն հեղվել մեր կյանքի վրա ամեն օր, մինչև որ կհասնենք Երկնային տուն։ Եվ հենց այնտեղ՝ հավիտենության մեջ, Նրա սերն ընդմիշտ կմնա մեզ հետ։
Ի՞նչ հանգամանքներ կարող են մեզ ստիպել, որպեսզի մենք կասկած ունենանք Աստծո սիրո նկատմամբ: Եվ ինչպե՞ս կարող ենք ընկալել ու ապացուցել, որ Աստված նույն անկոտրում սիրով սիրում է նաև բոլոր մյուսներին:
Աղոթք – Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար: Շնորհակալ եմ, որ ուղարկեցիր միածին Որդուդ՝ Հիսուս Քրիստոսին, Ով անձնվիրաբար զոհվեց խաչի վրա, որպեսզի ես դառնամ Քո սիրելի ընտանիքի մի մասը: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 27-28, Մատթեոս 8․ 18-34