.
2025թ., Հունվարի 10

Մատթեոս 16․ 13-24                                                                              Ուրբաթ   |   Հունվար 10

 

Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Մատթ․ 16․ 18

 

ԱՍՏԾՈ ԼՈՒՌ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաշմանդամների համար կազմակերպված քրիստոնեական ճամբարի մասնակիցներից մեկին հարցրին. «Ինչո՞վ եք դուք զբաղվում»:  Որպես աուտիզմ ունեցող անձ՝ Նոյեմին շատ լարվեց և նրա գլուխը պտտվեց. ինչպե՞ս պատասխանել այս հարցին: 10 րոպե ոգևորությամբ խոսել՝ պատմելով հաշմանդամության և եկեղեցու հետ կապված իր ուսումնասիրությունների մասին, թե՞ հարցնողը պարզապես քաղաքավարությունից դրդված հարցրեց, և նրան իրականում չի հետաքրքրում իր խնդիրները: Նոյեմին որոշեց ռիսկի դիմել և կիսվել իր մտքերով: Սակայն հետո մեկ այլ հավատացյալ նրան մի կողմ քաշեց և մեղադրեց եսասիրության մեջ՝ ասելով, որ նա չափից շատ է խոսում և խլում մարդկանց ժամանակը: Նոյեմին հիասթափված հեռացավ ճամբարից:

Նա հաճախ էր մտածում Պետրոս առաքյալի մասին, արդյո՞ք նա էլ նման խնդիրների չէր բախվում և ինչպե՞ս էր հանգստություն գտնում Հիսուսի հետ իր հարաբերություններում։ Պետրոսը, ով շատ էմոցիոնալ անձնավորություն էր, հաճախ ասում էր անկեղծ ու չմտածված բաներ, որոնք երբեմն բարդությունների առջև էին կանգնեցնում իրեն։ Օրինակ, երբ Հիսուս խոսեց իր մահվան մասին, Պետրոսը փորձում էր ընդհատել նրան՝ ասելով. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի» (Մատթ. 16.22)։ Եվ Հիսուսը պատասխանեց նրան՝ «Հետի՛ս գնա, սատանա՛» (հ․ 23):

Մյուս կողմից, երբ Հիսուս Քրիստոսը հարցրեց աշակերտներին. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ» (հ․15), Պետրոսը տվեց ավելի համարձակ ու նույնիսկ մարգարեական պատասխան. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (հ․ 16): Չնայած առաքյալի սխալներին՝ Քրիստոսը նրան կանչեց առաջնորդելու և հատուկ օրհնություն տվեց՝ ասելով. «Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները» (հ․ 19):

Եթե դուք էլ երբեմն ասում եք «ոչ ճիշտ բաներ» կամ ունեք այնպիսի առանձնահատկություններ, որոնք կարող են հանգեցնել քննադատության, մի՛ վախեցեք ու մի՛ անհանգստացեք։ Տեր Հիսուս Քրիստոսը գիտի ձեր կարողությունները, Նա է կանչել և օրհնել ձեզ։

 

Արդյո՞ք գտնում ենք նմանություններ մեր և Պետրոսի միջև։  Ի՞նչ անհանգստություններ ունենք այսօր։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ իմանալով իմ կարողությունները՝ ընտրեցիր ինձ, և տեսնում ես ինձ այնպիսին, ինչպիսին, որ եմ։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 25-26, Մատթեոս 8․ 1-17