Եբրայեցիներին 2․ 9-18 Չորեքշաբթի | Հունվար 8
Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային։ Եբր․ 2․14
ԽՈՒԼ ՍԻՐՏ
Լեյզան, ժեստերի լեզվի հմտությունները բարելավելու նպատակով, ամբողջությամբ ընկղմվեց խուլերի աշխարհ։ Նա բացահայտեց այն խնդիրները, որոնց շատ հաճախ բախվում են խուլ մարդիկ։ Տարբեր իրավիճակներում խուլերին հաճախ անտեսում են, նրանցից պահանջում կատարյալ ընթերցանություն, իսկ աշխատանքի ընդունման դեպքում նրանց շատ անգամ մերժում են։ Շատ հանրային միջոցառումներ անցնում են առանց թարգմանչի աջակցության, ինչը ևս խնդիր է ստեղծում նրանց համար։
Լեյզան կատարելագործեց ժեստերի լեզվի իմացությունն այնքան ժամանակ, մինչև ինքն իրեն ազատ չզգաց խուլերի միջավայրում։ Մի անգամ խուլերի համար կազմակերպված երեկույթին մի մասնակից զարմացավ, երբ իմացավ, որ Լեյզան խուլ չէ։ Նա չհասցրեց արձագանքել այդ իրավիճակին, երբ նրա ընկերներից մեկը բացատրեց. «Նա խուլ սիրտ ունի»․ Լեյզայի ընկերը, իհարկե, դրական իմաստով ասաց՝ նկատի ունենալով աղջկա սերը և կապը լսողությունից զրկված մարդկանց հետ։
Լեյզան ամբողջովին դարձավ խուլերի աշխարհի մի մասը, չնայած որ նա գերազանց լսողություն ուներ։ Հիսուսը, երբ եկավ մեր աշխարհ, իսկապես դարձավ լիովին մեզ նման մարդ։ Նա «հրեշտակներից մի փոքր ցածր դասվեց» (Եբր. 2․ 9) և «որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային» (հ. 14)։ Այնպես որ, Նա ազատեց «նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից» (հ. 15)։ «Նա ամեն ինչով եղբայրներին նմանվեց, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր» (հ. 17)։
Հիսուսն ունի այն նույն սիրտը, ինչ մենք, ուստի Նա մեզ լիարժեք հասկանում է մեր կյանքի բոլոր իրավիճակներում։
Ի՞նչ նշանակություն ունի մեզ համար այն, որ Տեր Հիսուս Քրիստոսը կրել է այնպիսի դժվարություններ, ինչպիսիք մենք ունենք այսօր։ Կարո՞ղ ենք արդյոք մենք էլ մտնել մեզնից տարբեր մեկ այլ մարդու աշխարհ։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո՛ Որդու՝ Հիսուս Քրիստոսի համար, Ում միջոցով կարողացա մտնել Քո ընտանիք։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 20-22, Մատթեոս 6․ 19-34