Հոբ 42․ 1-6 Երեքշաբթի | Հունվար 7
Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Հոբ 42․ 5
ՏԵՍՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քենին կանգնած էր այն համայնքի առջև, որը նա լքել էր տարիներ առաջ՝ կորցնելով հավատքն Աստծո նկատմամբ։ Այսօր նա կիսվում էր այն մասին, թե ինչպես վերագտավ իր ճանապարհը դեպի Արարիչը։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Աստված հպվեց նրա սրտին բնության գեղեցկության և իմաստության միջոցով, որոնք Քենին նորովի բացահայտեց։ Ստեղծագործության մեջ տեսնելով Աստծո ներկայությունը՝ նա զգաց խորը հիացմունք և խոնարհ ակնածանք, ինչը նրան մղեց ընդունելու նաև Սուրբ Գրքի յուրահատուկ ճշմարտությունները։ Պատմությունն ավարտելով՝ Քենին քայլեց մկրտության ավազանի ուղղությամբ։ Նրա հայրը, աչքերում ուրախության արցունքներով, մկրտեց իր որդուն՝ նշանավորելով նրա վերածնունդը հավատքի մեջ։
Հոբը կորցրել էր գրեթե ամեն ինչ, ինչ ուներ։ «Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում»,- սրտի ցավով բողոքում էր նա Աստծուն (Հոբ 30․20): Սակայն Տերը պատասխանեց նրան փոթորկի միջից (Հոբ 38․1)՝ ցույց տալով, որ խնդիրը ոչ թե Նրա լռությունն էր Հոբի աղոթքներին, այլ անհրաժեշտությունը, որ Հոբը բացի իր հոգու աչքերը և ընդլայնի հայացքը դեպի Աստծո անսահման բարդ ու հրաշալի ստեղծագործությունը։ Երկրի արարումը, կենդանի արարածները և բույսերը, վկայում էին այն Արարչի մասին, ում Հոբը կարող է վստահել, Ով անսահման զորություն և սեր ունի։ Այս հայտնության դիմաց Հոբը խոնարհվեց և ասաց. «Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ» (Հոբ 42:5):
Երբ կասկածները սկսեն թուլացնել մեր հավատքը Քրիստոսի հանդեպ, նայենք Աստծո ստեղծագործության վեհությանը։ Նա Իրեն բացահայտում է դրանց միջոցով, եթե մենք միայն ունենք աչքեր՝ տեսնելու և սիրտ՝ ընկալելու։
Ինչպե՞ս է Աստված Իրեն արտահայտել ստեղծագործության մեջ։
Ի՞նչ կապ կա Աստծո հանդեպ հավատքի և խոնարհության միջև։
Աղոթք – Իմ Տե՛ր և Արարի՛չ, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ տեսնել Քե՛զ Քո ստեղծագործության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 18-19, Մատթեոս 6․ 1-18