Սաղմոսներ 131 Կիրակի | Հունվար 5
Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես․․․ Սաղմ․ 131․ 2
ԱՍՏԾՈ ԼՈՒՌ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ռոնը տասներկու տարի որպես հովիվ ծառայեց Լոնդոնում, սակայն հետո զգաց, որ Աստված իրեն և իր ընտանիքին կոչ է անում տեղափոխվել նոր վայր՝ շարունակելու ծառայությունը։ Սկզբում նրան թվաց, թե այս որոշումը քայլ է դեպի անորոշություն, սակայն շուտով հասկացավ, որ իրականում դա այդպես չէ. «Մենք գիտակցեցինք, որ Աստծուն չհնազանդվելն ավելի վախեցնող է»։
Ռոնը գտավ Աստծուն վստահելու ուժը՝ խորհելով 131-րդ Սաղմոսի շուրջ. սաղմոսերգուի աղոթքը խաղաղություն բերեց նրա հոգուն։ Նա կարողացավ հանգստանալ և խաղաղվել՝ նմանվելով «կաթից կտրված մանկան» (հ․ 2): Աստծուն ընկալելով որպես սիրող Հայր՝ Ռոնն իր ամբողջ հույսը դրեց Նրա վրա (հ․ 3): Տերը հոգ տարավ նրա մասին՝ ապահովելով ընտանիքին նոր կացարանով և ծառայության նոր հնարավորություններով։
Մենք նույնպես կարող ենք միանալ սաղմոսերգուի խոսքերին, որ ուխտագնացները երգում էին Երուսաղեմ ուղևորվելիս։ Վիկտորիանական դարաշրջանի բապտիստ քարոզիչ Չարլզ Սպերջենը նշել է, որ այս Սաղմոսը «չնայած փոքր է ծավալով, սակայն խոր իմաստ ունի և ուսումնասիրության լայն հնարավորություններ է տալիս»։ Եթե մենք հրաժարվենք հպարտությունից և գոռոզությունից (հ․ 1) ու խոնարհությամբ փնտրենք Տիրոջ առաջնորդությունը, Նա մեր սրտերին կբերի խաղաղություն և հանգստություն։
Երբ կանգնում ենք դժվար որոշումների առջև, խնդրենք, որ Տերն այցելի Իր խաղաղությամբ և հանգստությամբ։
Աղոթք – Երկնային Հա՛յր, օգնի՛ր, որ լիովին վստահեմ Քեզ՝ անկախ նրանից, թե ինչ որոշումների առջև եմ կանգնած: Երբ իմ սրտում վախ ու անհանգստություն է առաջանում, շրջապատի՛ր ինձ Քո խաղաղությամբ և հանգստությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 13-15, Մատթեոս 5․ 1-26