Ա Կորնթացիներին 11․23-28 Ուրբաթ | Հունվար 3
Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ Ա Կորնթ․ 11․26
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ
Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում կիրակնօրյա պաշտամունքից հետո ինձ հրավիրեցին ընթրելու բացօթյա ռեստորանում։ Այնտեղ նկատեցի նորապսակների, ովքեր իրենց հարսանյաց զգեստներով շարժվում էին դեպի մոտակայքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը։ Զույգն այս պահը հատուկ ընդգրկել էր հարսանյաց արարողության մեջ՝ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել էին, որպեսզի իրենց կյանքի այս կարևոր օրն իրականություն դառնար։ Տեսարանը շա՜տ հուզիչ էր:
Յուրաքանչյուրս պատճառ ունենք շնորհակալ լինելու նրանց, ովքեր իրենց զոհաբերությամբ նպաստել են, որպեսզի մեր կյանքն ավելի լավը դառնա։ Չնայած այդ զոհաբերությունները մեծ արժեք ունեն, կա մեկը, որի գինն անհամեմատ բարձր է բոլորից։ Այս զոհաբերությունը մենք կարող ենք լիովին հասկանալ միայն խաչի ստորոտում՝ Քրիստոսի ոտքերի մոտ կանգնելով։
Տիրոջ Սեղանին մոտենալը և Հաղորդություն ստանալը հիշեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին: Ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա» (հ․ 26): Թող Նրա սեղանի շուրջ անցկացրած յուրաքանչյուր պահ մեզ ամեն օր մղի՝ հիշելու, թե ինչ է Տերն արել մեզ համար՝ անսահման շնորհակալություն հայտնելով Նրան Իր զոհաբերության համար:
Հաղորդությանը մասնակցելը և Տիրոջը շնորհակալություն հայտնելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, ոչ ոք չի կարող փոխհատուցել անգնահատելի այն սերը, որ ցուցաբերել է Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա: Օգնի՛ր ինձ միշտ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ արել ես ու շարունակում ես անել ինձ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 7-9, Մատթեոս 3