Սաղմոս 13 Երկուշաբթի | Դեկտեմբերի 30
Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին․․․: Սաղմ․ 13․1
ՏԵ՛Ր, ԻՆՉՈՒ՞ ԵՍ
Ջիմն արդեն մեկ տարուց ավել է, ինչ պայքարում է շարժողական նեյրոնների հիվանդության դեմ։ Նրա մկանների նյարդային բջիջներն աստիճանաբար քայքայվում են, իսկ մկանները՝ քարանում։ Նա դժվարանում է կառավարել իր վերջույթները. Ջիմն այլևս ի վիճակի չէ կոճկել վերնաշապիկը, կապել կոշիկների կապերը, նույնիսկ՝ ինքնուրույն սնվել։ Այդ պատճառով նա հաճախ է հարցնում․ «Ինչու՞ Աստված սա թույլ տվեց։ Ինչու՞ հենց ես»։
Ջիմի պես շատ հավատացյալներ դիմում են Աստծուն իրենց ցավալի հարցերով։ Սաղմոս 13-ում Դավիթ թագավորը բացականչում է. «Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։ Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում.․․» (հ․ 1-2)։
Մենք նույնպես կարող ենք մեր հարցերով և կասկածներով դիմել Աստծուն։ Նա հասկանում է մեզ, նույնիսկ երբ հարցնում ենք․ «Մինչև ե՞րբ, Տե՛ր», «Ինչո՞ւ»։ Նրա վերջնական պատասխանը մեզ արդեն տրված է՝ Հիսուս Քրիստոսով և Նրա հաղթանակով մեղքի ու մահվան նկատմամբ։
Նայելով խաչին և դատարկ գերեզմանին՝ մենք գտնում ենք վստահություն Աստծո ողորմության նկատմամբ (հ․ 6) և ուրախանում Նրա պարգևած փրկությամբ։ Նույնիսկ ամենամութ գիշերներին մենք կարող ենք օրհներգել Տիրոջը, Ով մեզ առատորեն օրհնել է (հ․ 6)։ Հիսուս Քրիստոսով՝ Նա ներել է մեր մեղքերը, որդեգրել մեզ և իրականացնում է մեր կյանքում Իր հավիտենական ու բարեգութ ծրագիրը։
Ի՞նչ հարցեր կցանկանայինք տալ Աստծուն։ Ինչպե՞ս ենք զգացել Նրա բարությունն ու հոգատարությունը մեր կյանքի ամենադժվար պահերին։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ մշտապես հոգատար ես իմ հանդեպ։ Օգնի՛ր ինձ հավատալ, որ Դու իմ կյանքում գործում ես մեծագույն ու հրաշալի բաներ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Զաքարիա 13-14, Հայտնություն 21