.
2024թ., Դեկտեմբերի 27

Բ Կորնթացիներին 12․ 6-10                                                     Ուրբաթ   |  Դեկտեմբերի 27

 

 

Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Բ Կորնթ․ 12․9

 

ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇՆՈՐՀՔԻ ՀԵՏ 

 

1967 թվականին, երբ Ջոն Էրիկսոնը 17 տարեկան էր, անհաջող սուզման հետևանքով վնասեց իր պարանոցը՝ ուսերից ներքև կաթվածահար լինելով։ Ջոնն անսպառ հավատով աղոթում էր Աստծուն՝ ակնկալելով բժշկություն, սակայն այդ հրաշքը տեղի չունեցավ։ Բայց Տերն ուներ յուրահատուկ ծրագիր նրա համար. Ջոնի միջոցով Նա խոր ազդեցություն թողեց սահմանափակ կարողություններով միլիոնավոր մարդկանց կյանքի վրա՝ նրանց ցույց տալով Իր սերն ու անսահման ողորմությունը, որ կարող են մխիթարել անգամ ամենադժվար փորձությունների մեջ։

Դարեր առաջ Պողոսն աղաչեց Տիրոջը, որ ազատի իրեն հիվանդությունից, և Աստված հայտնեց նրան, որ չի պատասխանելու նրա աղոթքներին և չի բուժելու՝ փոխարենը ցույց տալով, որ Իր զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում (Բ Կորնթ. 12.8-9): Պողոսի ծավալուն ծառայությունը կարող էր նրան գայթակղել հպարտանալու (հ․ 7), սակայն Աստված, իր սիրո մեջ՝ թե՛ Պողոսի, թե՛ Ավետարանի ունկնդիրների հանդեպ, նրան առաջարկեց ոչ թե բուժում, այլ առավել կարևոր մի բան։ Նա խոստացավ բավարարող և զորացնող շնորհք, որը կօգներ Պողոսին իր առաքելության մեջ։ Այս շնորհքը, զուգորդված Քրիստոսի զորությամբ, թույլ տվեց Պողոսին հասնել այն ամենին, ինչից նա զրկված կլիներ նույնիսկ լիարժեք առողջության պայմաններում։

Աստված միշտ չէ, որ գործում է մեր պատկերացրած կամ ցանկալի ձևով։ Սակայն Ջոնի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է Նա իր շնորհքն ու զորությունը դարձնում տեսանելի Իր ծառաների միջոցով։ Աստված ակնկալում է, որ մենք ընդունենք այն, ինչը կարող է դուրս լինել մեր հասկացողությունից, և դրա փոխարեն մեզ պարգևում է Քրիստոսի զորությունը։ Սա իսկապես անգնահատելի և խոր իմաստ ունեցող փոխանակություն է։

 

Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Աստված մեր աղոթքին պատասխանում է «ոչ»: Ինչպե՞ս ենք զգացել Աստծո շնորհքի դրսևորումը մեր տկարության մեջ:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո անսահման շնորհքի համար, որն ակնհայտ է, երբ ես ինձ թույլ և խոցելի եմ զգում։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Զաքարիա 1-4, Հայտնություն 18