Սաղմոսներ 27․ 7-14 Հինգշաբթի | Դեկտեմբերի 26
Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։ Սաղմ․27․ 8
ՏԵՍԱԶԱՆԳ ԱՍՏԾՈ ՀԵՏ
2022 թվականը մեր ընտանիքի համար դարձավ իսկապես հիշարժան տարի։ Այդ տարի լույս աշխարհ եկավ Սոֆիա Էշլին՝ մեր ութ թոռնիկներից միակ աղջիկը։ Մենք՝ որպես երջանիկ տատիկ ու պապիկ, մինչ օրս չենք դադարում ժպտալ՝ նրա մասին մտածելիս։
Երբ որդիս տեսազանգով կապվում է մեզ հետ, կնոջս ուրախ բացականչություններից անմիջապես հասկանում եմ, որ էկրանին Սոֆիան է։ Թեկուզ մենք գտնվում ենք տան տարբեր սենյակներում, նրա ծիծաղն ու ոգևորված խոսքերը լցնում են ամբողջ տունը ջերմությամբ։
Այսօր մեր սիրելիներին տեսնելու համար բավական է մեկ կոճակ սեղմել։ Տեսազանգի հնարավորությունը համեմատաբար նորագույն հայտնագործություն է, իսկ Աստծո հետ անձնական հաղորդակցությունը՝ աղոթքը, երբ մենք գիտակցում ենք Նրա ներկայության մեջ գտնվելու փաստը, ունի հազարամյակների խորը պատմություն։ Սաղմոս 27-ում Դավիթը փառաբանության աղոթք է բարձրացնում առ Աստված իր կյանքի ծանր շրջանում, երբ շրջապատված էր թշնամիներով և կարիք ուներ այնպիսի օգնության, որը չէին կարող ապահովել նույնիսկ ամենավստահելի ընկերները։ Այդ աղոթքի մեջ Դավիթն ասում է. «Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը» (հ․ 8):
Դժվար ժամանակները հաճախ մեզ մղում են «փնտրելու Նրա երեսը»։ Բայց միայն դժվարության մեջ չպետք է դիմենք Աստծուն, այլ ամեն ժամանակ, որովհետև Նրա ներկայության մեջ «ուրախության լիություն» կա և աջ ձեռքում՝ հավիտենական քաղցրություն (Սաղմոս 16․11)։ Եթե զգոն լինենք, կկարողանաք ցանկացած պահի լսել, թե ինչպես է Տերը հրավիրում մեզ՝ հաղորդակցվելու Իր հետ։
Մեր սրտերը մշտապես պատրաստ պահենք Աստծո հետ հանդիպման։
Նրա հետ կանոնավոր հաղորդակցությունը զորացնում է մեզ՝ դիմակայելու կյանքի փորձություններին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, գոհություն եմ հայտնում Քեզ այն մեծ արտոնության համար, որ կարող եմ հաղորդակցվել Քեզ հետ։ Օգնի՛ր ինձ միշտ պատրաստ լինել աղոթքով ժամանակ անցկացնել Քեզ հետ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Անգե 1-2, Հայտնություն 17