.
2024թ., Դեկտեմբերի 24

Մատթեոս 2.1-2, 9-12                                            Երեքշաբթի   |  Դեկտեմբերի 24

 

 

 

Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ Մատթ. 2.10


ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԸ


Ես և ամուսինս միշտ մեծ հաճույքով մասնակցում ենք մեր եկեղեցում անցկացվող Սուրբ Ծննդյան ճրագալույցի պաշտամունքին։ Ամուսնության առաջին տարիներին մենք ունեինք մի առանձնահատուկ ավանդույթ։ Պաշտամունքից հետո, տաք հագնված, բարձրանում էինք մոտակա բլուրը, որտեղ բարձր սյուների վրա, որոնք դասավորված էին աստղի ձևով, կախված էր երեք հարյուր հիսուն լուսավորված լապտեր։ Այնտեղից նայելով քաղաքին՝ հաճախ երկնքից իջնող ձյան փաթիլների ներքո, մենք շշուկով կիսվում էինք մտքերով Հիսուսի հրաշալի ծննդյան մասին։ Այդ նույն ժամանակ, քաղաքի շատ մարդիկ նայում էին բլրի վրա փայլող պայծառ աստղին։

Այդ աստղը հիշեցնում է մեր Փրկչի ծննդյան մասին։ Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես «արևելքից մոգեր եկան Երուսաղեմ»՝ իմանալու, թե որտեղ է հրեաների նոր ծնված թագավորը, «որովհետև նրա աստղը տեսան արևելքում ու եկան նրան երկրպագելու» (Մատթ. 2.1-2)։ Երուսաղեմից նրանց ճանապարհը տարավ դեպի Բեթլեհեմ, «Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր» (հ. 9)։ «Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան» (հ. 11)։

Քրիստոսը մեր կյանքի լույսի աղբյուրն է՝ թե՛ փոխաբերական իմաստով, որովհետև առաջնորդում է մեզ, և թե՛ բառացի. Նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա (Կող. 1.15-16)։ Մոգերի նման, ովքեր «ուրախացան»՝ տեսնելով աստղը (Մատթ. 2.10), մենք զգում ենք մեծագույն ուրախություն՝ ճանաչելով Նրան որպես Փրկիչ, ով իջավ երկնքից, որպեսզի բնակվի մեր մեջ։ Եվ մենք «տեսանք Նրա փառքը» (Հովհ. 1.14)։


Տարածե՛նք մեր Փրկչի Ծննդյան բարի լուրը՝ լույս սփռելով աշխարհում:



Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու իմ կյանքի լույսն ես։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Ամբակում 1-3, Հայտնություն 15