Փիլիպպեցիներին 2.1-8 Երկուշաբթի | Դեկտեմբերի 23
Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Փիլ. 2.3
ՈՉԻՆՉ ՄԻ՛ ԱՐԵՔ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅԱՄԲ
Նադավին ընդամենը երեք հարյուր մետր էր մնացել, որ դառնար ամենաերիտասարդ իսրայելցին, ով կնվաճեր Էվերեստը։ Այդ հանգստյան օրերին չորս լեռնագնաց զոհվեց. պայմանները շատ ծանր էին։ Նադավը շարունակում էր ծանր շնչել և քայլել՝ կենտրոնացումը պահելով գոյատևելու և գագաթին հասնելու իր նպատակի վրա։
Բայց հանկարծ նա կանգ առավ. նրա նոր ընկերը՝ Իրմակը, անգիտակից պառկած էր ձյան վրա։ Նա չուներ ո՛չ թթվածնի դիմակ, ո՛չ էլ ձեռնոցներ։ Ի՞նչ անել. մտածել սեփական գոյատևման և ռեկորդը գերազանցելու մասին, թե՞ փորձել փրկել ընկերոջը։ Նադավը ոչ մի րոպե չկասկածեց։ Ութ ժամ շարունակ շատ դժվարություններ հաղթահարելով՝ Նադավը փրկեց Իրմակի կյանքը։ Այդ օրը երիտասարդը դարձավ իսկական հերոս։
Որքա՜ն դժվար պիտի լիներ հրաժարվել իր երկար տարիների երազանքից։ Եվ որքա՜ն գեղեցիկ որոշում նա կայացրեց։ Իհարկե, սա արտասովոր օրինակ է։ Բայց եկե՛ք մտածենք այն «միկրոորոշումների» մասին, որոնք կայացնում ենք ամեն օր. ընտրել «սնապարծություն» (Փիլիպ. 2.3), թե՞ հոգատարություն (հ. 4). «Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս»։ Եթե Աստծուն խնդրենք, որ տա մեզ «այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր» (հ. 5), Ով «ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (հ. 8), մենք կկարողանանք ավելի շատ սեր դրսևորել մեր առօրյա կյանքում։
Նադավը վարվեց Հիսուսի օրինակով, Ով «ինքն իրեն ունայնացրեց», որպեսզի փրկեր մեզ (հ. 7)։ Բայց որքան էլ մեծ լինի Նադավի զոհը, այն չի կարող համեմատվել Քրիստոսի զոհի հետ։ Նա, «ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով», մահացավ մեզ համար(հ. 7)։
Ինչքա՜ն թանկ արժեցավ Նրա սերը։
Երբ կանգնում ենք ընտրության առջև՝ տրվել սեփական ցանկություններին, թե հաղորդակից լինել ուրիշների կարիքներ, հետևե՛նք Քրիստոսի օրինակին։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու լվացիր աշակերտների ոտքերը, ծառայեցիր մարդկանց և տվեցիր Քո կյանքը մեզ համար։ Օգնի՛ր ինձ ունենալ Քո խոհեմությունը և հետևել Քո սիրուն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Նաում 1-3, Հայտնություն 14