Ա Հովհաննես 4․ 13-21 Կիրակի | Դեկտեմբերի 22
Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Ա Հովհ. 4.19
ՇՈՇԱՓԵԼԻ ՍԵՐ
Ես գնացի հիվանդանոց՝ վատառողջ ընկերուհուս՝ Քերիին այցելության։ Երիտասարդ մի կին, ով հիվանդասենյակում նստած էր իր հիվանդ մոր կողքին, հարցրեց Քերիին. «Ովքե՞ր են այդ մարդիկ, ովքեր այցելում են Ձեզ»։ «Նրանք մեր եկեղեցու հավատացյալներն են», – պատասխանեց ընկերուհիս։ Կինն ասաց, որ երբեք նման բան չի տեսել։ Ընկերուհիս ժպտալով պատասխանեց. «Դա այն պատճառով է, որ մենք բոլորս սիրում ենք Աստծուն՝ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Քերիին այցելող բազմաթիվ մարդիկ այդ կնոջ համար «շոշափելի սիրո» դրսևորման օրինակ էին։
Իր պատասխանով Քերին կրկնեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսի խոսքերը, ով իր կյանքի վերջին տարիներին գրեց սիրով լի երեք նամակ։ Իր առաջին նամակում նա ասում է. «Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ» (Ա Հովհ. 4.16)։ Նա, «Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ» (հ. 15), «որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ» (հ. 13)։ Մենք ունակ ենք սիրելու, «որովհետև նախ նա սիրեց մեզ» (հ. 19)։
Աստծո սիրո պարգևի շնորհիվ Քերիին այցելելը ծանրություն չէր ո՛չ ինձ, ո՛չ մեր եկեղեցու մյուս անդամների համար։ Ես ավելի շատ էի ստանում, քան տալիս, հատկապես երբ տեսնում էի, թե ինչպես էր նա ուրախությամբ վկայում իր Փրկչի մասին։ Իսկ այսօր Աստված ինչպե՞ս կարող է իր սերն արտահայտել ձեր միջոցով։
Զգալով Աստծո անսահման սերը մեր կյանքում, ինչպե՞ս կարող ենք այդ սիրո մղմամբ ծառայել ուրիշներին։
Աղոթք – Հա՛յր, սիրում եմ Քեզ, որովհետև նախ Դու սիրեցիր ինձ։ Բազմապատկի՛ր այդ սերը, որպեսզի հավետ Քո սիրո կրողը լինեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Միքիա 6-7, Հայտնություն 13