.
2024թ., Դեկտեմբերի 21

Հայտնություն 21․23 - 22․5                                            Շաբաթ   |  Դեկտեմբերի 21

 

 

 

Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Հայտ 22․5


ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ 


Ֆոտոլրագրող Ռոն Մյուրերը ցուրտ եղանակի սիրահար է։ «Սառը օդը նշան է, որ երկինքը կլինի պարզ՝ առանց ամպերի,- բացատրում է նա,- և դա նշանակում է, որ մեզ համար կբացվի պատուհան՝ հրաշալի տեսարանով»։

Ռոնն Ալյասկայում կազմակերպում է ֆոտոշրջայցեր, որտեղ մասնակիցները կարող են վայելել աշխարհի ամենահիասքանչ լուսային տեսարանը՝ հյուսիսափայլը։ Ռոնը համարում է, որ այս երևույթն ունի խորը հոգևոր նշանակություն։ Եթե դուք երբևէ տեսել եք, թե ինչպես են գունավոր լույսերի հսկայական ալիքները պարում երկնքում, կհասկանաք, թե ինչ նկատի ունի Ռոնը։

Հյուսիսափայլը միակ երևույթը չէ։ Նմանատիպ փայլատակում կարելի է դիտել նաև հարավային բևեռում։ Ավելին, երկու լուսավորություններն էլ առաջանում են միաժամանակ։

Հովհաննես Առաքյալը, պատմելով Փրկչի աշխարհ գալու մասին, չի խոսում մսուրի կամ հովիվների վերաբերյալ։ Նա անմիջապես կենտրոնանում է Լույսի վրա, որը «լուսավորում է ամեն մարդու» (Հովհ. 1.9): Հետագայում, երբ Հայտնության գրքում Հովհաննեսը նկարագրում է երկնային քաղաքը, բացահայտում է նրա լուսավորման աղբյուրը. «Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը» (հ. 23):

Այդ լույսի աղբյուրը Հիսուսն է՝ նույն Լույսը, որի մասին խոսվում է Հովհաննեսի Ավետարանում։ Իսկ նրանք, ովքեր կբնակվեն այդ ապագա քաղաքում, «գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց» (հ․ 5):

Թող մեր կյանքը լինի այդ Լույսի՝ Հիսուս Քրիստոսի արտացոլանքը, և դառնանք Աստծո լույսի տարածողներն աշխարհում:


Աղոթք – Տիեզերքի Արարի՛չ, թո՛ղ Քո ստեղծած բնության գեղեցկությունը միշտ հիշեցնի ինձ, որ Դու՛ ես աշխարհի միակ ճշմարիտ Լույսը։ Ամեն։





 

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Միքիա 4-5, Հայտնություն 12