.
ՀԱԵ-ն Աբովյանում տոնեց նոր տարածքի օրհնության և հովվի քարոզչության արտոնության շնորհման իրադարձությունները

 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Աբովյանում դարձավ Աստծո հավատարմության և օրհնության ևս մեկ վկայություն։ Ութ տարի շարունակ եկեղեցին ծառայություն էր իրականացնում մի քանի քառակուսի մետր վարձակալած տարածքում։ Տարիների ընթացքում համայնքը մեծացավ, և տարածքն այլևս չէր բավարարում։ Տիրոջ ողորմությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) աջակցությամբ ՀԱԵ-ն Աբովյանում տեղափոխվեց վարձակալությամբ ավելի ընդարձակ և հարմարավետ տարածք, որը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպելու եկեղեցական ծառայությունները։

2024 թ. դեկտեմբերի 15-ին եկեղեցում տոնական պաշտամունք էր. նոր տարածքի օրհնության և հովվի քարոզչության արտոնության արարողությունները տեղի ունեցան միասին։

Պաշտամունքը սկսվեց ՀԱԵ Աբովյանի հոգևոր հովիվ Արմեն Միսակյանի ողջույնի խոսքով։ Նա ներկայացրեց տոնական առիթը և հյուրերին, ապա պաշտամունքի կոչ արեց ու աղոթեց։ Փառաբանության բաժնից հետո ՀԱԵ Հոգևոր Խորհրդի փոխնախագահ և Հովվական Հանձնախմբի ատենապետ վերապատվելի Գևորգ Գասպարյանը ստանձնեց Արմեն Միսակյանին քարոզչության արտոնություն շնորհելու արարողության պատասխանատվությունը։

Վեր. Գասպարյանն օրը բացառիկ համարեց՝ նշելով.
«Ամեն օր Տիրոջը փառք տալու առիթ ունենք, բայց այսօր առանձնահատուկ երկու առիթ կա՝ նոր տարածքի օրհնությունը և այն ընտանիքը, որ որոշում է կայացրել ծառայել Տիրոջը։ Նայելով աշխարհի ձգտումներին՝ այսպիսի որոշում կայացրած մարդը կարող է թվալ իրականությունից կտրված։ Բայց ես Արմենին վաղուց եմ ճանաչում. նա կրթվել է, նվիրվել, անցել բազում դժվարությունների միջով, պատվով կատարել իրեն հանձնարարված բոլոր առաջադրանքները։ Այսօր, ՀԱԵ Հոգևոր Խորհրդի հաստատմամ, նա ստանում է քարոզչության և եկեղեցական արարողություններ իրականացնելու արտոնություն։ Այսուհետև նրան կարող եք պատվելի կոչել»։

Այնուհետև նա կոչ արեց համայնքին աջակցել հովվին՝ նշելով, որ նրա թե՛ հաջողությունը և թե՛ անհաջողություններն ամբողջ համայնքինն են։ Վերապատվելի Գասպարյանն աղոթեց պատ. Արմեն Միսակյանի, նրա ընտանիքի և ծառայության մեջ հաստատակամ մնալու համար։

Պաշտամունքը շարունակվեց խոստովանության երգով և հովվական աղոթքով, որն առաջնորդեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը։ Վերջինս, ով ժամանակին հովվել է Աբովյանի եկեղեցին և անձամբ ծանոթ է համայնքի դժվարություններին, փառք տվեց Աստծուն նոր տարածքի համար և աղոթեց, որ այն օրհնություն լինի ինչպես համայնքիայնպես էլ համայնքից դուրս եղողների համար, և ծառայի ի փառս Աստծուն ու Նրա Խոսքի անաղարտ մատակարարմանը։ Վեր. Խաչատրյանը հիշեցրեց. «Եկեղեցին շենքը չէ, դուք եք, բայց լավ ու հարմարավետ պայմանները թող առիթ դառնան Աստծուն էլ ավելի հավատարմորեն ծառայելու համար»։

Պաշտամունքի հետագա ընթացքն առաջնորդեց պատվելի Արմո Արզումանյանը, ով հինգ տարի շարունակ հովվել է Աբովյանում ՀԱԵ համայնքը։ Նա իր խոսքը սկսեց Ա Պետրոս 3-րդ գլխի առաջին համարներով՝ ընդգծելով Աստծո որդի լինելու մեծ շնորհն ու հավատքի զորությունը։

Տոնական օրվա պատգամաբերը ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վերապատվելի Վարդան Ափինյանն էր։ Հետևելով Գալստյան շրջանում եկեղեցում քարոզվող նյութերի տրամաբանությանը՝ վեր. Ափինյանն անդրադարձավ Եսայի 9.6 համարում Հիսուսի մասին մարգարեության մեջ հնչող «Սքանչելի Խորհրդական» տիտղոսին։ Նրա պատգամը, որը վերնագրված էր «Իշխանությունը Նրա ուսերի վրա կլինի», բաղկացած էր երեք հիմնական կետից.

  1. Մանուկ ծնվեց, Որդի տրվեց. այսինքն՝ Աստված մարդացավ՝ շարունակելով մնալ կատարյալ Աստված և կատարյալ մարդ։
  2. Որդին իշխանություն ունի. Տիրոջ թագավորությունը հավերժական է, և այնտեղ հասնելու միակ ուղին Հիսուս Քրիստոսն է։
  3. Սքանչելի Խորհրդական. Տիրոջ խորհուրդները գերազանց են, առաջնորդում են փրկության և օգնում են կյանքի ցանկացած իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել։

Վերապատվելի Ափինյանը հիշեցրեց, որ Տիրոջ առաջնորդությանը հետևելու համար պետք է ոչ թե պարզապես կոչվենք քրիստոնյա, այլ լինենք քրիստոնյա՝ ապրելով Ավետարանը։

Պաշտամունքի ավարտին պատ. Արմեն Միսակյանը, վեր. Գևորգ Գասպարյանի հետ միասին, համայնքին մատակարարեցին Սուրբ Հաղորդություն։ Պաշտամունքից հետո Աբովյանում ՀԱԵ հոգաբարձությունը տարբեր տարիներին արված լուսանկարներից տեսանյութով պատմական ակնարկ կատարեց։

Աբովյանում ՀԱԵ-ի պատմությունը սկիզբ է առնում 2000 թվականին, երբ մի խումբ քույրեր սկսեցին հոգևոր ծառայություն մատուցել քաղաքի ծերերին և ծնողազուրկ մանուկներին։ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ ստեղծվեցին խմբակներ և կիրակնօրյա դպրոց։ Ժամանակի ընթացքում համայնքն աճեց, և սկսվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ձևավորումը։ Տարբեր տարիների ընթացքում եկեղեցում հովվական ծառայություններ են մատուցել մի շարք ծառայողներ ու հովիվներ։ 2024 թվականի հունվարից եկեղեցու հովիվն է պատ. Արմեն Միսակյանը։

Նախորդ
...
X