Եսայի 53.1-6 Ուրբաթ | Դեկտեմբերի 20
Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Եսայի 53.5
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՆՐԱ ՎԵՐՔԵՐՈՎ
Անգլիայում անցկացրած իմ առաջին Սուրբ Ծնունդը դարձավ վատագույնը։ Ես խորապես զգում էի այն ահռելի հեռավորությունը, որը բաժանում էր ինձ իմ հարազատներից, ովքեր մնացել էին Ամերիկայում։ Բացի այդ, այն տոնական ընթրիքը, որ ամեն տարի վայելում էի ընտանիքիս գրկում, նոր վայրում կարծես արժեզրկվել էր։ Բայց ամուսնուս մխիթարական խոսքերը և ծնողներիս հետ հեռախոսազրույցն օգնեցին հաղթահարել հիասթափությունը։ Ամուսնուս՝ Նիկոլասի հետ Աստծուց խնդրեցինք ստեղծել առանձնահատուկ տոն, որ ուրախություն կպատճառեր մեր սրտերին։
Մենք որոշեցինք միասին ուրախանալ հրաշքի համար. Աստված դարձավ Մանուկ, մեկը մեզնից։ Մենք ցանկացանք փառաբանել Հիսուսին՝ «Վշտերի մարդուն», Ով գիտեր, թե ինչ է ցավը (Ես. 53.3)։ Նրան, Ով ճաշակել էր բաժանումն ու կորստի ցավը։
Եսայի մարգարեությունը տրվել էր Աստծո ժողովրդին, որպեսզի նրանց նախապատրաստի Բաբելոնի գերությանը և ամրացնի նրանց հույսն Աստծո հանդեպ։ Բայց այս մարգարեությունն իր կատարումն ունեցավ նաև Քրիստոսի ծննդյամբ, կյանքով և մահվամբ։ «Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց… նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53.4-5)։
Հիսուսը գիտի, թե ինչ է վիշտը, բայց Իր մահվամբ Նա մեզ բերեց ներում և ազատություն։ Նրա վերքերի շնորհիվ մենք ձեռք ենք բերում խաղաղություն և բժշկություն, նույնիսկ երբ Սուրբ Ծնունդը նշում ենք հեռու մեր հարազատներից։
Հիսուս Քրիստոսը ծանոթ է յուրաքանչյուրիս վշտին, նա մեզ մխիթարություն և հույս է բերում՝ թեթևացնելով մեր ցավն ու կորստի զգացումը:
Աղոթք – Սիրելի՛ Տեր, Մա՛րդ և Աստված, Դու թողեցիր երկինքը, որպեսզի ճանաչես դավաճանությունը, ցավը և մահը՝ ամենը իմ փրկության համար։ Թո՛ղ հույսս Քեզ վրա լինի, որ կարողանամ կրել այն ծանրությունը, որ զգում եմ երկրային դժվարություններից: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Միքիա 1-3, Հայտնություն 11