Հովհաննես 14.1-3. 15-20 Հինգշաբթի | Դեկտեմբերի 19
«… վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք»։ Հովհ. 14.3
ՄԻՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ատում եմ հրաժեշտները…. քանի որ ապրում եմ հարազատներից հեռու, հաճախ ստիպված եմ լինում կանգնեցնել երկարատև և երբեմն արցունքներով ու գրկախառնություններով լի հրաժեշտի պահերը։ Իսկ ինչպես չլացել, երբ գիտես, որ տարիքից կամ հիվանդությունից կախված՝ այս հրաժեշտը կարող է լինել վերջինը։ Անգլերեն «Goodbye»՝ հաջողություն բառի մեջ անսփոփելիության շունչ կա։ Իսկ ռուսերեն «До свидания»-ն կամ ֆրանսերեն «Au revoir»-ը, որ թարգմանվում է մինչ հանդիպում, իրենց մեջ հույսի շող են պարունակում, նույնիսկ եթե բաժանվողները չեն գիտակցում, թե երբ կրկին կհանդիպեն։
Հենց այսպիսին էր Հիսուսի մխիթարող և հավատքն ամրապնդող հրաժեշտի խոսքը. «Ձեր սրտերը թող չխռովվեն» (Հովհ. 14.1)։ Աշակերտները տխրել էին, բայց Հիսուսը նրանց երկու խոստում տվեց՝ Իր վերադարձի և Սուրբ Հոգու գալստյան մասին։ Նրա համբարձումից հետո առաքյալները պետք է շարունակեին հավատալ և սպասել այդ խոստումների կատարմանը։ Նրա հեռանալն անհրաժեշտություն էր, որպեսզի Հոր տանը նախապատրաստեր հրաշալի մի տեղ, որտեղ աշակերտները կլինեին Աստծո հետ, և Տերն ուզում էր, որ նրանք հույսով և վստահությամբ սպասեին։ Հիսուսն ասաց նրանց. «… վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք» (հ. 3), այնուհետև խոստացավ ուղարկել Սուրբ Հոգուն, որը կզորացներ նրանց սպասման ժամանակ (հ. 16-19)։
Մի օր Տերը կվերադառնա և մեզ կտանի Իր մոտ։ Մինչ այդ փառահեղ օրվան սպասելը, մենք անցնում ենք տարբեր փորձությունների միջով, բայց եթե վստահենք մեր մեջ ապրող Սուրբ Հոգուն և Աստծո բազմաթիվ խոստումներին, Նրա խաղաղությունը կսփոփի մեր սրտերը։
Ի՞նչ անհանգստացնող հարցեր ունենք այսօր։ Թույլ տանք, որ Սուրբ Հոգին խաղաղեցնի մեր միտքն ու սիրտը:
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ հանգստացնում ես ինձ, ինչպես մի ժամանակ՝ Քո աշակերտներին։ Ես հավատում եմ Սուրբ Հոգու ներկայությանը, Ով մխիթարում և օգնում է, մինչ Քեզ հետ կլինեմ հավիտենականության մեջ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հովնան 1-4, Հայտնություն 10