.
2024թ., Դեկտեմբերի 17

Մատթեոս 1.18-25                         Երեքշաբթի   |  Դեկտեմբերի 17

 

 

 

 

Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Մատթ. 1.21


ՔՐԻՍՏՈՍ՝ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ


Օդային ճոպանուղիով սովորական ճամփորդությունը Պակիստանի հովտի վրայով վերածվեց սարսափելի փորձության։ Մեխանիզմի գործարկումից կարճ ժամանակ անց երկու կրող ճոպանները կտրվեցին, որի հետևանքով ութ ուղևոր, այդ թվում՝ դպրոցականներ, մնացին թակարդում՝ հարյուրավոր մետր բարձրության վրա։ Տասներկու ժամ տևողությամբ փրկարարական գործողության ընթացքում պակիստանյան զինվորականներն օգտագործեցին լեռնագնացության սարքավորումներ, ուղղաթիռներ և այլ միջոցներ՝ ուղևորներին փրկելու համար։

Փրկարարները, ովքեր իրականացրին այս աշխատանքը, արժանի էին գովասանքի։ Սակայն նրանց աշխատանքն էլ խամրում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական աշխատանքի կողքին, ով փրկեց մեզ մեղքից և մահից։ Նրա ծնունդից առաջ հրեշտակը պատվիրեց Հովսեփին ընդունել Մարիամին, որովհետև նրա հղիությունը Սուրբ Հոգուց էր (Մատթ. 1.18, 20). «Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից» (հ. 21)։ Հիսուս անունը սովորական էր այդ ժամանակներում, սակայն միայն այս Մանուկն էր, որ կարող էր դառնալ Փրկիչ (Ղուկ. 2.30-32)։ Քրիստոսը եկավ ճիշտ ժամանակին, որպեսզի հավիտենական փրկություն ապահովի բոլոր նրանց համար, ովքեր կզղջան ու կհավատան Նրան։

Մենք բոլորս հայտնվել էինք մեղքի և մահվան թակարդում՝ կախված Աստծուց հավիտենական բաժանման հովտի վերևում։ Բայց Հիսուսը՝ Իր սիրով և շնորհով, եկավ փրկելու և վերադարձնելու մեզ դեպի Երկնային Հայրը։ Փա՜ռք Նրան։


Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Քրիստոսով փրկությունը։


Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Քո շնորհով գտար ինձ, երբ կորած էի։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ամովս 7-9, Հայտնություն 8