.
2024թ., Դեկտեմբերի 16

Դանիել 6.19-27                                                   Ուրբաթ   |  Դեկտեմբերի 16

 

 

 

Նա է կենդանի Աստվածը …  Նա է ազատում և փրկում։ Դան. 6.26-27


ԱՍՏԾՈ ՄՆԱՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՂ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ


Թերթելով իմ դպրոցական տարիների լուսանկարների ալբոմը, թոռնիկներս քննարկում էին դասընկերներիս անսովոր սանրվածքները, հագուստը և լուսանկարներում պատկերված «հնաոճ» մեքենաները: Իսկ իմ կենտրոնացումը միանգամայն ուրիշ բանի վրա էր. նախ և առաջ ուշադրությունս գրավեց հին ընկերներիս ժպիտը: Բացի այդ, ինչպես այժմ, այդ տարիներին նույնպես տեսանելի կերպով զգում էի Աստծո պահապան զորությունը: Նրա լուռ ներկայությունը շրջապատում էր ինձ դպրոցում, որտեղ դժվարանում էի հարմարվել կոլեկտիվին: Նրա մնայուն բարությունն ուղեկցում էր ինձ, այն բարությունը, որ տալիս է Նա բոլոր նրանց, ովքեր փնտրում են Նրան:

Դանիելն էլ լավ ծանոթ էր Աստծո պահպանող ներկայությանը: Լինելով աքսորի մեջ՝ նա, չնայած թագավորական արգելքին, օրը երեք անգամ աղոթում էր Աստծուն, «նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ» (Դան. 6.10): Իր «աղոթքի դիրքում» Դանիելը փառաբանում էր Աստծուն, Ում ձեռքը երկար տարիներ պահպանել էր իրեն: Նա գիտեր, որ Աստված կլսի, կպատասխանի և կաջակցի իրեն ամեն ժամանակ:

Չնայած բոլոր սպառնալիքներին՝ Դանիելը շարունակեց փնտրել Աստծո ներկայությունը: Նա աղոթում էր «ինչպես նախապես անում էր» (հ. 10): Եվ երբ Դանիելը հայտնվեց առյուծների գուբում, հավատարիմ Աստված ուղարկեց Իր հրեշտակին, որը փակեց առյուծների բերանը (հ. 22):

Անդրադառնալով անցյալում տեղի ունեցած փորություններին՝ ներկայիս փորձությունների ժամանակ մենք հիշեցնում ենք ինքներս մեզ Աստծո հավատարմության մասին: Տեսնելով Աստծո պահպանող ներկայությունը՝ նույնիսկ հեթանոս թագավոր Դարեհն ասաց. «Նա է ազատում և փրկում, նշաններ ու հրաշալիքներ գործում երկնքում և երկրի վրա. նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից» (հ. 27): Աստված բարի էր այն ժամանակ: Նա բարի է նաև հիմա: Նրա ներկայությունը կպահպանի մեզ ամեն ժամանակ:


Ի՞նչ փորձությունների ենք հանդիպել անցյալում: Ինչպե՞ս է Աստված աջակցել:


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ետ նայելով՝ տեսնում եմ Քո բարի պահպանող ներկայությունը: Շնորհակալ եմ, որ այժմ էլ պահպանում ես ինձ: Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Ամովս 4-6, Հայտնություն 7