«Դու էլ ինձ կզանգես, չմոռանաս»,- խոսում էին երկու երեխա՝ իրար փոխանցելով հեռախոսահամարները:
Նրանք ոչ նույն թաղամասից էին, ոչ էլ նույն քաղաքից, սակայն նույն եկեղեցուց էին և նրանց միաբանողը սպորտային մրցաշարն էր:
Դեկտեմբերի 7-ին Վանաձորի ՀԱԵ մարզասրահը մեկ օրով «մարզաշատ» էր: Այստեղ էին եկել Լոռու մարզի 6 քաղաքում (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Շիրակամուտ, Ստեփանավան, Թումանյան) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մի խումբ մանուկներ ու առաջնորդներ:
Առիթը՝ ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի սպորտային խմբի նախաձեռնությամբ իրականացված էստաֆետային և ինտելեկտուալ մրցաշարն էր: Իսկ նպատակը՝ հետճամբարային ծառայությունը, որի միջոցով ամուր միջեկեղեցական կապեր են ստեղծվում ինչպես երեխաների, այնպես էլ՝ առաջնորդների միջև: Այդ նպատակով էր նաև, որ մանուկներն ու առաջնորդները բաժանվել էին տարբեր խմբերի. մրցում էր ոչ թե մի քաղաքը մյուսի դեմ, այլ տարբեր քաղաքներից կազմված մեկ խումբը՝ մեկ այլ խմբի:
Հանդիպման մեկնարկը տրվեց ՀԱԵ Վանաձորի հովիվ վերապատվելի Վարդան Ափինյանի աղոթքով:
Բոլորն իրենց տեղերում էին. սուլիչը հնչեց, 85 մանուկ սկսեց մրցել, իսկ 14 առաջնորդ քաջալերել: Վերջին սուլիչի հետ ազդարարվեց երեք հաղթող խմբի անուններն ու տրվեցին առաջին, երկրորդ ու երրորդ տեղերի մեդալները:
Բոլորն ուրախ էին, բոլոր քաղաքներն էլ ունեին հաղթողներ: Դե իսկ վերջում ներկաները միաբերան կրկնեցին. «Երբ հաղթում ենք, չենք հպարտանում, երբ պարտվում ենք, չենք տրտնջում, մեր հաղթանակն Աստծո մեջ է» նշանաբանը: