Եսայի 43.1-5 Երկուշաբթի | Դեկտեմբերի 9
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի: Եսայի 43.2
ՔԱՋԱԼԵՐՎԱԾ ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ
Ընտանիքը ողջ օրն անցկացրեց հիվանդանոցում։ Սակայն նրանք այդպես էլ չգտան հարցերի պատասխան այն հիվանդության մասին, որը հանկարծակի հարվածեց ուրախ ու էներգիայով լի տասնինը տարեկան երիտասարդին։ Տուն վերադառնալիս բոլորն անտրամադիր էին։ Սակայն, մոտենալով տան մուտքին, նրանք աստիճաններին նկատեցին գեղեցիկ ձևավորված մի տուփ, որի առջևի հատվածում տպված էր աստվածաշնչյան մի համար Եսայի մարգարեությունից. «Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի» (Ես. 43.2)։ Տուփի ներսում ձեռագիր գրված քաջալերական աստվածաշնչյան համարներով բացիկներ էին դրված, որոնք գրել էին ընտանիքի ընկերները։ Հաջորդ ժամն անցավ Սուրբ Գրքի շուրջ սփոփիչ խորհրդածությամբ։ Ճիշտ ժամանակին արված այս հոգատար քայլն իր դրական ազդեցությունն ունեցավ:
Դժվարին ժամանակներ ապրող մարդկանց անհրաժեշտ է ջերմ աջակցություն։ Աստվածաշունչը՝ լինի դա ամբողջական հատված, թե պարզապես մեկ համար, կարող է քաջալերել թե՛ ձեզ, թե՛ ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Եսայի մարգարեության 43-րդ գլուխը լի է քաջալերական խոսքերով. Աստված Արարիչ է, որ ստեղծել ու ձևավորել է քեզ։ Նա փրկագնել և անունով կանչել է քեզ» (Ես. 43.1)։ Աստված միշտ քեզ հետ է (հ. 2)։ Նա «Իսրայելի Սուրբն» ու «քո Փրկիչն» է (հ.3)։
Թող այս աստվածային խոստումները դառնան մեր քաջալերանքի աղբյուրը և մենք էլ քաջալերենք մեկ ուրիշին։ Աստվածաշնչյան համարներով լի տուփը մեծ ծախս չէր պահանջում, բայց դրա ազդեցությունն անգին էր։ Նույնիսկ տարիներ անց այդ բացիկները նախկինի պես թանկ արժեք ունեին հասցեատերերի համար:
Ի՞նչ այլ խոստումներ կարող ենք գտնել Եսայի մարգարեության մեջ, որ կարող ենք բաժնեկցել ուրիշների հետ:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ Աստվածաշունչը լի է խոստումներով, և ես կարող եմ անհրաժեշտ պահին քաջալերվել նույնիսկ մեկ համարից։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 11-12, Հուդա 1