Գործք Առաքելոց 2.29-39 Կիրակի | Դեկտեմբերի 8
Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի: Գործք Առ. 2.38
ՆՈՐ ԿՅԱՆՔ ՔՐԻՍՏՈՍՈՎ
Բահիրը և Մեդետը մանկուց լավագույն ընկերներ էին։ Սակայն հետո, երբ Բահիրը դարձի եկավ և ընդունեց Քրիստոսին, ամեն ինչ փոխվեց։ Մեդետը մատնեց նրան իշխանություններին։ Երիտասարդին ձերբակալեցին, ընդ որում՝ ձերբակալությունը ուղեկցվեց դաժան ծեծով։ Իշխանության ներկայացուցիչներից մեկը չարացած մռնչաց. «Այս բերանը երբեք չի՛ արտասանի Հիսուսի անունը»։ Ծեծված և արյունոտ Բահիրը պատասխանեց, որ նրանք կարող են զրկել իրեն Քրիստոսի մասին խոսելու հնարավորությունից, բայց երբեք չեն փոխի այն, ինչ Նա արել է իր սրտում։
Այս խոսքերը խոր հետք թողեցին Մեդետի հիշողության մեջ։ Մի քանի ամիս անց՝ հիվանդությունից և սիրելի մարդու կորստի ցավն ապրելուց հետո, Մեդետը գնաց Բահիրին որոնելու, ում այդ ժամանակ արդեն ազատ էին արձակել բանտից։ Հաղթահարելով իր հպարտությունը՝ նա խնդրեց իր ընկերոջը պատմել Քրիստոսի մասին։
Մեդետն այդպիսի անսովոր քայլ կատարեց, որովհետև Սուրբ Հոգին գործում էր նրա մեջ, ինչպես նաև նրանց մեջ, ովքեր հավաքվել էին Պետրոսի շուրջ Հոգեգալուստի տոնին։ Նրանք ականատես եղան Աստծո շնորհի արտահայտմանը և լսեցին Պետրոսի վկայությունը Քրիստոսի մասին, ինչից հետո հուսահատված հարցրին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր» (Գործք Առ. 2.37)։ Պետրոսը, հարցին ի պատասխան, կոչ արեց նրանց ապաշխարել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Արդյունքում, եկեղեցուն միացավ շուրջ երեք հազար մարդ։ Նրանց նման, Մեդետն էլ ապաշխարեց և հետևեց Փրկչին։
Քրիստոսով նոր կյանքի պարգևը հասանելի է բոլորին։ Անկախ այն ամենից, ինչ արել ենք անցյալում, Նա խոստանում է լիակատար ներում բոլոր նրանց, ովքեր վստահում են Իրեն։
Ի՞նչ զգաց Բահիրը, երբ Մեդետը խնդրեց նրան պատմել Քրիստոսի մասին։
Ինչպե՞ս են Նրա հետ մեր հարաբերություններն օգնում մեզ դժվար ժամանակներում։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ խաչի վրա մահացար և հարություն առար նոր կյանքի համար։ Ես իմ հույսը դնում եմ Քեզ վրա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 8-10, Գ Հովհաննես 1