Ա Կորնթացիներին 10․ 11-13 Շաբաթ | Դեկտեմբերի 7
Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու․․․ Ա Կորնթ․ 10․13
ՓՈՐՁՎԱԾ ԵՎ ՔՆՆՎԱԾ
Սթենլիին դուր է գալիս այն ազատությունը, որը տալիս է իրեն մասնավոր վարորդի աշխատանքը։ Նա կարող է սկսել և ավարտել իր աշխատանքային օրը ցանկացած պահի, և ոչ ոք նրա տեղաշարժի ու երթևեկության համար հաշվետվություն չի պահանջում։ Սակայն, ինչպես խոստովանում է Սթենլին, հենց այս հանգամանքն էլ նրա աշխատանքի գլխավոր դժվարությունն է։
«Նման աշխատանքի մեջ հեշտ է արտաամուսնական կապ ունենալը»,- խոստովանում է նա: Ես տեղափոխում եմ ամենատարբեր ուղևորների, և կինս, ինչպես և ուրիշները, չգիտեն, թե որտեղ եմ ես լինում»։ Նման գայթակղությանը դիմակայելը դժվար է, և շատ վարորդներ չեն կարողանում հաղթահարել դա։ «Բայց ինձ կանգնեցնում է այն միտքը, որ Աստված տեսնում է ամեն բան և այն, թե ինչպես կզգա իմ կինը, երբ իմանա այդ մասին», – ասում է Սթենլին։
Աստված, Ով մեր արարիչն է, գիտի մեր թույլ և ուժեղ կողմերը և այն, թե որքան հեշտությամբ կարող ենք ենթարկվել գայթակղությունների։ Եվ այդ պատճառով, ինչպես հիշեցնում է Պողոսը, Նա կարող է մեզ օգնել. «Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելք էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ» (Ա Կորնթ․ 10․13): Այդ «ելքը» կարող է լինել առողջ վախը՝ մեղքի հետևանքների հանդեպ, Սուրբ Հոգու կողմից հանդիմանվող խիղճը կամ Աստվածաշնչից մեր հիշողության մեջ դաջված խոսքերը։
Երբ մենք Աստծուց ուժ ենք խնդրում պայքարելու համար, Նրա Հոգին հեռացնում է մեր հայացքն այն ամենից, ինչ կարող է գայթակղել մեզ, և ցույց է տալիս դրանց դիմակայելու կերպերը։
Ի՞նչ փորձությունների ենք հանդիպում ամեն օր։ Խնդրե՛նք Աստծուն, որ առաջնորդի մեզ, որպեսզի շարունակենք քայլել Իր սուրբ և արդար ճանապարհով։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու գիտես իմ թուլությունները։ Զորացրու՛ ինձ, որ դիմակայեմ գայթակղություններին և քայլեմ դեպի կյանք տանող Քո ճանապարհով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 5-7, Բ Հովհաննես 1