Ամառային ճամբարներում թեկուզ մեկ անգամ ծառայած յուրաքանչյուր մարդ անկասկած զգում է այդ փորձառության դրական ազդեցությունն իր կյանքի վրա։ Այդ փոփոխությունը նկատելի է ոչ միայն ճամբարի, այլև դրանից ամիսներ առաջ սկսվող նախապատրաստական աշխատանքների ընթացքում, երբ գործնական հանդիպումներ են լինում, ձևավորվում է ծրագրային թիմը, սահմանվում են նպատակները, գնահատվում են կարիքները։ Մի խոսքով, թե՛ ճամբարը և թե՛ նախապատրաստական գործընթացն ինքնին արժեքավոր փորձառություն են։
2024 թվականի ամառային մանկական, պատանեկան և երիտասարդական ճամբարներին մասնակցեց տարբեր քաղաքներից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) քրիստոնեական դաստիարակոության (ՔԴ) 55 ծառայող, ովքեր պատասխանատու էին ճամբարի ծրագրերի համար։ Նոյեմբերի 23-24-ը պատանեկան և երիտասարդական ճամբարների ծրագրային թիմերը, իսկ դեկտեմբերի 1-2-ը՝ մանկական ճամբարի թիմը կրկին հավաքվեցին Հանքավանի «Շողիկ» ճամբարում՝ արժևորելու և ամփոփելու ամառային ծառայությունները։
Երկու հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց բոլոր ծրագրային բաժիններին։ Քննարկվեցին առաջացած խնդիրներն ու թերությունները, առաջարկվեցին լուծումներ, ինչպես նաև արժևորվեցին այն բաժինները, որոնք արդյունավետ և հաջողված էին։
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից Անահիտ Սիմոնյանը կազմակերպել էր փոքրիկ սեմինար՝ «Ի՞նչ է ճամբարային ծրագիրը» թեմայով, որն իր մեջ պարունակում էր նոր մոտեցումներ ծրագրի նպատակները, ժամկետները սահմանելու և գործի դնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ ճամբարային ծառայությունը շարունակական գործընթաց է՝ սեմինարի ընթացքում գործնական աշխատանքի միջոցով գծագրվեց 2025 թվականի ճամբարների ընդհանուր սխեման։
Հանդիպումներն առանձնացան իրենց յուրահատուկ ջերմությամբ։ Պարզ ու անկեղծ մթնոլորտում, խարույկի շուրջ հավաքված, բոլորը միասին փառաբանեցին Աստծուն։ Այնուհետև յուրաքանչյուրը հանդես եկավ օրհնության և շնորհակալության խոսքերով՝ ուղղված իր թիմակիցներին։ Այս պահերը ոչ միայն կարևոր, այլև անչափ քաջալերող ու պատասխանատու էին բոլորի համար։
Արժևորման ծրագրերից յուրաքանչյուրն ավարտվեց տվյալ ճամբարի տնօրենի հորդորով, որը բոլոր դեպքերում հիմնված էր Ա Կորնթացիներին 15.58 համարի վրա. «Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ»։
Հասմիկ Հարությունյան
ՀԱԵ ՔԴ աշխատակից