.
Կանանց մեկօրյա համագումար Երեվանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց համար նախատեսված հերթական մեկօրյա համագումարը Երեւանում էր: Մայիսի 12-ին Բաղրամյան 18-ում էին հավաքվել Երեւանի, Աբովյանի, Արմավիրի, Արտաշատի, Այնթապի, Վարդենիսի ՀԱԵ կանանց խմբերի մոտ 100 մասնակից:  

Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, այնուհետեւ շարունակվեց եկեղեցասրահում: Համագումարի սկզբում տեսաշարի միջոցով ամփոփվեց  կանանց խմբերի հետ եւ նրանց համար նախորդ տարի իրականացրած ծրագրերը: Հոգեւոր բաժինը սկսվեց փառաբանությամբ, որին հաջորդեց Աստծո խոսքի պատգամը՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի կողմից:  Սերտողության նյութը Ա Տիմոթեոս 4.1-13 համարներն էին, որտեղ Պողոս Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալներին՝ նախ սերտելով եւ ապրելով Աստծո Խոքսը ու վարդապետությունը:

Այնուհետեւ կանայք բաժանվեցին 10 խմբի, եւ շարունակեցին խորհրդածել Աստծո խոսքի շուրջ՝ բազմաթիվ զուգահեռներ տեսնելով Տիմոթեոսին ուղղված մարտահրավերների եւ մեր օրերի խնդիրների միջեւ: Անդրադարձ եղավ նաեւ սեպտեմբերից ՀԱԵ բոլոր կանանց խմբերում սերտվող «Գեղեցիկն Աստծո աչքերում» գրքին: Կանանցից շատերը վկայեցին գրքի սերտողության արդյունքում իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների եւ օրհնությունների մասին:

Խմբային սերտողությունից հետո կանայք դարձյալ հավաքվեցին դահլիճում, եւ յուրաքանչյուր խմբից մեկական քույր ամփոփեց խմբային սերտողությունը:

ՀԱԵ կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու և միջեկեղեցական կապն ամրապնդելու ու զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խումբը, ամառային հիմնական համագումարներից բացի, 2016թ.-ի սեպտեմբերից միջանկյալ, մեկօրյա համագումարներ է կազմակերպում Հայաստանի երեք տարածաշրջաններում՝ հարավում, հյուսիսում եւ մայրաքաղաքում: Նախորդ տարիներին այս համագումարներին մոտ 400 կին է մասնակցել:

Հարկ է նշել, որ սա 2018թ.-ի կանանց երկրորդ համագումարն էր: Առաջինը տեղի ունեցավ ապրիլի 28-ին՝ Սիսիանում, Սյունիքի մարզի եւ Արցախի ՀԱԵ կանանց խմբերի համար: Հաջորդը նախատեսվում է Մայիսին 26-ին՝ Վանաձորում, Հայաստանի հյուսիսային շրջանների ՀԱԵ կանանց համար:

Նախորդ
...
X