Ղուկաս 22․41-44 Հինգշաբթի | Դեկտեմբերի 5
Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Ղուկ․ 22․42
ԱՂՈԹՔ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ՀԱՄԱՐ
Հիշում եմ, երբ նորադարձ քրիստոնյա էի, իմ նոր Աստվածաշնչում կարդացի Հիսուս Քրիստոսի այս խոսքերը. «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ» (Մատթ. 7․7): Մեկնաբանական գրքերում այդ համարը բացատրվում էր այսպես, որ իրականում պետք է խնդրենք Աստծուց, որ մեր ցանկությունները համապատասխանեն Նրա կամքին։ Ցանկանալով կատարել Նրա կամքը, կարող ենք վստահ լինել, որ կստանանք այն, ինչի մասին խնդրում ենք։ Ինձ համար սա նոր բացահայտում էր, և ես աղոթեցի, որ Աստծո կամքը կատարվի իմ կյանքում։
Այդ օրն ինձ կրկին առաջարկեցին մի աշխատանք, որից արդեն մտքով հրաժարվել էի։ Այդ ժամանակ հիշեցի իմ աղոթքը. հնարավոր է, որ այն, ինչ ինձ թվացել էր ավելորդ, Աստծո կամքի մի մասն էր իմ կյանքի համար։ Շարունակեցի աղոթել այդ հարցի շուրջ և ի վերջո ընդունեցի առաջարկը։
Հիսուս Քրիստոսը մեզ ցույց է տվել շատ ավելի խորը և նշանակալի օրինակ։ Ձերբակալությունից առաջ, ինչը պիտի հանգեցներ խաչելությանը, Նա աղոթում էր. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկ․ 22.42): Քրիստոսի աղոթքը լի էր ցավով և տառապանքով. Նա զգում էր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ցավ (հ․ 44)։ Սակայն, այս ամենով հանդերձ, Նա անկեղծորեն աղոթում էր, որ կատարվի Երկնային Հոր կամքը։
Աստծո կամքի կատարումն իմ կյանքում դարձավ իմ աղոթքների գլխավոր նպատակներից մեկը։ Դա նշանակում է, որ Տերը կարող է ինձ առաջնորդել այնտեղ, ուր չէի ցանկանա կամ չէի նախատեսել գնալ։ Այն աշխատանքը, որից սկզբում հրաժարվել էի, դարձավ իմ՝ որպես գրողի, ստեղծագործական ուղու մեկնարկը։ Հետ նայելով՝ հավատում եմ, որ հենց սա էր Աստծո կամքն իմ կյանքում։
Ի՞նչ աղոթքի խնդրանքներ կան մեր սրտում: Խնդրենք Աստծո կամքն ու առաջնորդությունը:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, առաջնորդի՛ր ինձ, որպեսզի կատարեմ Քո կամքը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 1-2, Ա Հովհաննես 4