.
2024թ., Դեկտեմբերի 4

Ա Հովհաննես 1.1-10                                                      Չորեքշաբթի   |   Դեկտեմբերի 4

 

 

․․․ և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք․․․։ Ա Հովհ․ 1․2

 

ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՏՆՎԵՑ

 

1986 թվականին Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետը գրավեց աշխարհի ուշադրությունը։ Երբ աղետի մասշտաբները դարձան ակնհայտ, առաջնահերթ խնդիրն էր՝ կանխել ճառագայթման տարածումը։ Սպանիչ գամմա ճառագայթները, որոնք տարածվում էին ավերակներից, շարքից հանում էին այն ռոբոտներին, որոնք ուղարկվել էին վթարի հետևանքները վերացնելու համար։

Այս պատճառով իշխանությունները որոշեցին օգտագործել «կենսառոբոտներ»՝ իրական մարդկանց։ Հազարավոր հերոսներ դարձան «Չեռնոբիլի լիկվիդատորներ»։ Նրանք վնասազերծում էին վտանգավոր նյութերը՝ աշխատելով հերթափոխերով, որոնց տևողությունն ընդամենն իննսուն վայրկյան էր։ Սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ մարդիկ կատարում էին այն, ինչ ժամանակակից տեխնոլոգիաներն ի զորու չէին անել։

Աստծո դեմ մեր ապստամբությունը սկսվեց շատ վաղուց, երբ Ադամն ու Եվան որոշեցին դեմ գնալ Արարչին (Ծննդոց 3), որը հանգեցրեց առաջին աղետին, ինչն էլ իր հերթին  բերեց բոլոր մյուս վտանգները՝ վերածելով մեր աշխարհը թունավոր քաոսի։

Եվ հենց այդ պատճառով աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսը։  Հովհաննես Առաքյալն այսպես է գրում Քրիստոսի մասին. «․․․և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց» (Ա Հովհ. 1․2)։ Ապա հավելում է. «Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից» (հ․ 7)։

Տեր Հիսուսն արեց այն, ինչն անհնար էր իր արարածների համար։ Երբ հավատքով մոտենում ենք Նրան, Նա վերականգնում է մեր կապը Երկնային Հոր հետ։ Աստծո Որդին հաղթահարեց նույնիսկ մահը, և Կյանքը հայտնվեց։

 

Արդյո՞ք մեզ հաջողվում է կարգավորել մեր կյանքի քաոսը։ Հավատքով հանձնենք մեր խնդիրները Հիսուս Քրիստոսին:

 

Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ ուղարկեցիր Քո Որդուն այս աշխարհ, որպեսզի Նա մաքրի մեզ մեղքերից։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 47-48, Ա Հովհաննես 3