Գործք Առաքելոց 11․19-26 Երկուշաբթի | Դեկտեմբերի 2
(Բառնաբասը) բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։ Գործք 11․23
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինն իր էպիկական «Մատանիների տիրակալը» եռագրության ստեղծման ընթացքում ստացած քաջալերանքի մասին խոսելիս ասել է. «Մաքուր և անկեղծ աջակցություն»: Թոլքինը երկար ու մանրակրկիտ աշխատեց՝ անձամբ մի քանի անգամ վերատպելով հսկայական տեքստը: Երբ նա վերջնական արդյունքն ուղարկեց իր ընկեր և գործընկեր Քլայվ Լյուիսին, վերջինս պատասխանեց. «Ձեր ծախսած ժամանակը, անկասկած, լիովին արդարացված է»:
Սուրբ Գրքում ամենահայտնի անձնավորություններից մեկը, ով կարողանում էր աջակցել մյուսներին, Կիպրոսում ծնված Հովսեփն էր, ով առավել հայտնի է Բառնաբաս անունով, ինչը նշանակում է «մխիթարության որդի»: Այս անունը նրան տվել էին առաքյալները (Գործք 4.36): Բառնաբասը Պողոսի կողմնակիցը դարձավ և պաշտպանեց նրան եկեղեցու առջև (Գործք 9.27): Ավելի ուշ, երբ Անտիոքում բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան (Գործք 11.21), Բառնաբասը եկավ նրանց մոտ և տեսնելով «Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան» (Գործք 11.23): Ղուկասն ասում է, որ «նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր», և նրա շնորհիվ «բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին» (հ. 24):
Աջակցության արժեքն անհնար է չափել: Երբ մենք մարդկանց ասում ենք հավատքի և սիրո խոսքեր, Աստված, որ «հավիտենական մխիթարություն ու բարի հույս» է տալիս (Բ Թես. 2.16), գործում է մեր միջոցով՝ փոխելով մարդկանց սրտերն ու կյանքերը: Թող Նա այսօր օգնի մեզ, որպեսզի մենք կարողանանք մխիթարել ու աջակցել մեր շուրջը գտնվող մարդկանց:
Ու՞մ կցանկանայիր քաջալերել ու մխիթարել այսօր՝ ցուցաբերելով Աստծո սերը։ Ինչպե՞ս կարող ես դա անել։
Աղոթք – Տե՛ր, բացի՛ր հոգուս աչքերը, որպեսզի կարողանամ տեսնել մարդկանց, ովքեր մխիթարության և աջակցության կարիք ունեն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 42-44, Ա Հովհաննես 1