.
2024թ., Դեկտեմբերի 1

Ա Պետրոս 2․4-6                                                                            Կիրակի   |   Դեկտեմբերի 1

 

 

 

Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Ա Պետ 2․5

 

ՄԵԾ ՇԻՆԱՐԱՐԸ

 

«Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր տան պատի ներսում աղբ կա», -  հարցրեց վարպետը, երբ եկավ վերանորոգելու մեր անսարք կաթսան: Նա նկատեց, որ նախորդ տերը բարեխղճորեն չէր մոտեցել տան շինարարական հարցերին, քանի որ տան արտաքին պատի մեջ հայտնաբերեց մի խոռոչ, որը տանտերը լցրել էր թղթերով, լաթերով ու պլաստիկե նյութերով, իսկ հետո ուղղակի պատել շինարարական լուծույթով։ Ակնհայտ է, որ նա այս տարբերակով փորձել էր խնայել շինարարական ծախսերը։

Լուրջ աշխատանքը պահանջում է լուրջ ներդրումներ, լինի դա տան կառուցումը, թե առավել ևս, սեփական բնավորության ձևավորումը։ Այստեղ կարճ ուղիներ չկան։ Ահա թե ինչու է ինձ դուր գալիս խորհել, թե ինչպես է կերտում և կառուցում Աստված։ Նա, Ով մի ակնթարթում կարող էր ստեղծել տիեզերքը պատրաստ վիճակում, չշտապեց, այլ աշխարհը ստեղծեց մանրակրկիտ և զգուշորեն (Ծնունդ 1)։

Նույն կերպ Նա մեզ՝ «որպես կենդանի քարեր», ներդնում է «հոգևոր տաճարի» կառուցման մեջ (Ա Պետ. 2․5)։ Մեզնից յուրաքանչյուրը Նրա հոգատար և ամբողջական սիրո աշխատանքի արդյունք է։ Երբ կյանքը ծանր է, իսկ խնդիրները՝ ավելի ու ավելի են ճնշում, Տերը կերտում է մեր բնավորությունը՝ ստեղծելով մի բան, որը հավերժ է, որպեսզի մենք Նրա համար մատուցենք «հոգևոր զոհեր, որոնք ընդունելի են... Հիսուս Քրիստոսի միջոցով» (հ. 5)։

Ինչ էլ որ տեղի ունենա մեր կյանքում, Աստծո եկեղեցին ամուր կառուցվում է Հիսուս Քրիստոսի՝ կենդանի վեմի վրա (հ. 4)։ Տերը չի մոռանա մեզ, և մենք, որ հավատում ենք Նրան, չենք ամաչի (հ. 6), քանի որ Մեծ Շինարարը մեզնից ստեղծում է Իր Թագավորության գլուխգործոցներ։

 

Աստվածաշունչը պատմում է մեզ Արարիչ Աստծո մասին։ Պատրա՛ստ լինենք մեծ փոփոխությունների ենթարկվելու Նրա ստեղծագործ ձեռքերում: 

 

Աղոթք – Տե՛ր Աստվա՛ծ, միշտ չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքում, բայց հավատում եմ, որ Դու կերտում ես իմ բնավորությունը, որպեսզի ես ավելի լավ ճանաչեմ ու սիրեմ Քե՛զ, և ավելի պտղաբեր ծառայեմ։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 40-41, Բ Պետրոս 3