Հոբ 13.1-12 Ուրբաթ | Նոյեմբերի 29
Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։ Հոբ 13.3
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ
Մի մարդ դատական հայց ներկայացրեց Աստծո դեմ՝ պնդելով, որ Ստեղծիչը «անարդար» է վարվել իր հանդեպ և «բացասական վերաբերմունք» ցուցաբերել: Դատավորը, մերժելով հայցը, նշեց, որ այս պարագայում անհրաժեշտ է ոչ թե դատավորի, այլ հոգեբույժի օգնությունը։ Սա հորինված պատմություն չէ: Հնարավոր է՝ մի փոքր ծիծաղելի է, բայց նաև տխուր իրականություն։
Բայց արդյո՞ք մենք տարբերվում ենք այդ մարդուց: Չէ՞ որ երբեմն մենք էլ ենք ցանկանում ասել. «Տե՛ր, բավական է։ Ինչո՞ւ ես ինձ հետ այսպես վարվում»: Նման բան ժամանակին արեց նաև Հոբը։ Նա համարձակվեց Աստծուն հրավիրել դատի։ Աննկարագրելի տառապանքներ ապրելուց հետո Հոբը հայտարարեց. «Կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել» (Հոբ 13.3): Նա նույնիսկ պահանջ առաջ քաշեց. «Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի» (հ.21): Հոբի մեղադրանքի հիմնական հիմնավորումը ոչ թե իր անմեղությունն էր, այլ պատժի անհամաչափությունը։ Նա հարցրեց. «Մի՞թե քեզ հաճելի է, որ ընկճես, որ քո ձեռքի աշխատանքն արհամարհես ու ամբարիշտների խորհրդին լույս տաս» (Հոբ 10.3):
Երբեմն մեզ թվում է, թե Աստված անարդար է: Սակայն Հոբի պատմությունը ցույց է տալիս, որ իրականությունը կարող է շատ ավելի բարդ լինել։ Աստված վերականգնեց Հոբի առողջությունը և վերադարձրեց նրա կորուստները, բայց մեր դեպքում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Հոբի պատմության հանգուցալուծումը նրա վերջին խոստովանության մեջ է. «…խոսել եմ, բայց չեմ հասկացել. ինձ համար սքանչելի են եղել, ու ես չեմ իմացել» (Հոբ 42.3): Աստված կարող է ունենալ պատճառներ, որոնց մասին մենք գաղափար չունենք, և հենց դա է մեր հույսը։
Մեր մեջ հաճախ Աստծուն ուղղված հարցեր են բարձրանում, երբեմն նաև «պահանջներ ենք ներկայացնում» Նրան. սակայն չվախենանք բարձրաձայնել՝ վստահելով Աստծո հոգատարությանն ու խնամքին:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, ինձ համար երբեմն դժվար է ընդունել այն, ինչ Դու ցանկանում ես: Օգնի՛ր ինձ, որ բողոքներս միշտ բարձրաձայնեմ Քո առջև: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 35-36, Բ Պետրոս 1