.
2024թ., Նոյեմբերի 28

Ելք 14.1-14                                   Հինգշաբթի   |   Նոյեմբերի 28

 

 

 

Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք։ Ելք 14.14

 

ՎՍՏԱՀԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ

 

Հիզերն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ծանր քրոնիկ հիվանդության հետ մեկտեղ նա նաև կոտրվածքներ ստացավ ընկնելու արդյունքում։ Այս ամենի պատճառով նա չէր կարող աշխատել և ստիպված էր ապավինել պետության աջակցությանը։

Նրան մխիթարություն էր տալիս Հին Կտակարանի հետևյալ խոսքը. «Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք» (Ելք 14.14): «Ես պետք է վստահեմ Աստծուն և չփորձեմ ամեն ինչ ինքս անել»,- խոստովանում է Հիզերը։ Նա ամեն օր տեսնում էր Աստծո ներկայությունը «փոքր հաղթանակների մեջ», օրինակ՝ նկատում էր, թե ինչպես է առանց դժվարության հաղթահարում այն բյուրոկրատական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են նպաստ ստանալու համար։ Բայց երբեմն նա ընկճվում էր, ուստի իր բանալիների կապոցի վրա կրում էր նաև մի կախազարդ, որի վրա գրված էր աստվածաշնչյան սիրելի համարը։ «Ես նայում եմ դրան և հիշում այն ամենը, ինչ Աստված ամեն օր անում է ինձ համար», – ասում է Հիզերը։

«Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք». Մովսեսն այս խոսքերն ասաց իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։ Նրանց հետևում էր թշնամու բանակը, և նրանք վախից բղավում էին. «…մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում» (Ելք 14.12)։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար» (հ. 14.13)։ Նրանցից պահանջվում էր միայն հանգիստ լինել (հ.14.14)։

Ինչ խնդիրների էլ բախվենք, հավատանք և վստահ լինենք, որ Տերը մեր համար է պայքարում։ Եկե՛ք Հիզերի նման մենք էլ մեր հույսը դնենք Աստծո վրա և հանգիստ լինենք։

 

Ելից գրքի այս խոսքերն արդի են նաև այսօր. արդյո՞ք վստահում ենք Աստծուն, երբ դժվարությունների ենք հանդիպում:

 

Աղոթք – Բարի՛ և հավատարիմ Աստված, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ իմ պատկերացումից վեր միջոցներով: Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 33-34, Ա Պետրոս 5