.
Կանանց մեկօրյա համագումար Սյունիքում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կանանց աշխատանքային խումբը ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում էր, առիթը՝ Սյունիքի մարզի եւ Արցախի ՀԱԵ կանանց միասնական համագումարն էր: Արցախից, Գորիսից, Կապանից ժամանած կանայք Սիսիանի կանանց հետ միասն, մոտ 70 հոգի, միասնական փառաբանության, աղոթքի, Սուրբ Գրքի սերտողության եւ հաղորդակցության հրաշալի առիթ ունեցան Սիսյանի հյուրաընկալ ՀԱԵ-ում:  

Այս տարի եւս համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, այնուհետեւ շարունակվեց եկեղեցասրահում՝ կանանց խմբերի հետ եւ նրանց համար նախորդ տարի իրականացրած ծրագրերի մասին պատմող տեսանյութով, որին հաջորդեց փառաբանությունը, ընթացքում նաեւ վկայություն հնչեց: Աստծո խոսքի պատգամը փոխանցեց Վեր. Մկրտիչ Մելքոնյանը:  Սերտողության նյութը Ա Տիմոթեոս 4.1-13 համարներն էին, որտեղ Պողոս Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալներին՝ նախ սերտելով եւ ապրելով Աստծո Խոքսը ու վարդապետությունը:

Այնուհետեւ կանայք բաժանվեցին 5 խմբի, եւ շարունակեցին խորհրդածել Աստծո խոսքի շուրջ՝ բազմաթիվ զուգահեռներ տեսնելով Տիմոթեոսին ուղղված մարտահրավերների եւ մեր օրերի խնդիրների միջեւ: Անդրադարձ եղավ նաեւ սեպտեմբերից ՀԱԵ բոլոր կանանց խմբերում սերտվող «Գեղեցիկն Աստծո աչքերում» գրքին: Կանանցից շատերը վկայեցին գրքի սերտողության արդյունքում իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների եւ օրհնությունների մասին:

Խմբային սերտողությանը հաջորդեց միասնական ճաշը, որը տարբեր քաղաքներից ժամանած կանանց հաղորդակցության, միմյանց քաջալերելու եւս մեկ հրաշալի առիթ էր:  

Ճաշից հետո կանայք դարձյալ հավաքվեցին եկեղեցասրահում, եւ յուրաքանչյուր խմբից մեկական քույր ամփոփեց խմբային սերտողությունը: Հանդիպումն ավարտվեց Սիսիանի ՀԱԵ հոգեւոր հովիվ պատ. Արման Մարտիրոսյանի հովվական աղոթքով:

Հարկ է նշել, որ սա 2018թ.-ի կանանց առաջին համագումարն էր: Մայիսին կանանց խմբերի հետ նմանատիպ հանդիպումներ կլինեն նաեւ Հայաստանի հարավային շրջանի, ինչպես նաեւ  Երեւանի ու հարակից քաղաքների ՀԱԵ կանանց խմբերի համար:

Հ.Գ. ՀԱԵ կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու և միջեկեղեցական կապն ամրապնդելու ու զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խումբը, ամառային հիմնական համագումարներից բացի, 2016թ.-ի սեպտեմբերից միջանկյալ, մեկօրյա համագումարներ է կազմակերպում Հայաստանի երեք տարածաշրջաններում՝ հարավում, հյուսիսում եւ մայրաքաղաքում: Նախորդ տարիներին այս համագումարներին մոտ 400 կին է մասնակցել:

Նախորդ
...
X