.
Կայացավ ՀԱԵ տարեկան համագումարը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 2024 թ.-ի տարեկան համագումարը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին, Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում գտնվող ՀԱԵ-ում։ Ի տարբերություն նախորդ տարիներին՝ այս համագումարը մեկօրյա էր, բայց ընդգրկուն ու բովանդակալից։

Հայաստանի տարբեր քաղաքներում ՀԱԵ 22 տեղական եկեղեցուց ժամանած 80 պատվիրակ ու 20-ից ավելի պատվո հյուր նախ միասին Աստծուն փառաբանեցին. համաժողովը սկսվեց պաշտամունքով, փառաբանության երգերով ու Աստծո Խոսքից պատգամով։ Օրվա հյուր խոսնակը վեր. Հովհաննես Բաջանյանն էր, ով երկու տարի շարունակ վերապատրաստեց ՀԱԵ հովիվներին՝ նրանց քարոզաբանություն դասավանդելով։ Վեր. Բաջանյանի պատգամն Ա Թես. 1.1-10 համարների շուրջ էր։ Վերապատվելին անդրադարձավ հատվածից բխող առողջ եկեղեցու նշաններին։ 

Պաշտամունքին հաջորդեց համագումարի առաջին աշխատանքային ժողովը։ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը բացակա էր առողջական խնդիրների պատճառով, ուստի ժողովը վարում էր փոխնախագահ վեր. Ավետիք Խաչատրյանը։ Նա իր խոսքում կարևորեց ՀԱԵ պատվիրակների դերը՝ շեշտելով, որ նրանք են եկեղեցու կառավարող մարմինը, ուստի եկեղեցին հաշվետու է նրանց։ Այնուհետև, իրար հաջորդելով, ՀԱԵ ՀԽ դիվանն ու տարբեր հանձնախմբերի պատասխանատուները ներկայացրին անցնող տարվա իրենց հաշվետվությունը։ 

ՀԱԵ ավագ հովվի պաշտոնը վաղաժամ լքած վեր. Հովհաննես Հովսեփյանի հաշվետվությունն ընթերցեց ՀԱԵ ՀԽ ատենադպիր պատ. Դավիթ Բաբայանը, այնուհետև ներկայացրեց իր հաշվետվությունը՝ կապված Հոգևոր Խորհրդի գործունեության հետ։ Պատ. Բաբայանը խոսեց նաև տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբի անունից՝ շեշտելով, որ տարին առանձնացավ տղամարդկանց համար կազմակերպված համագումարներով։ 

Հաշվետվությամբ հանդես եկան նաև ՀԱԵ զույգերի հանձնախմբի համակարգող պատ. Արման Մարտիրոսյանը, ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանը, ով ուրախությամբ նկատեց, որ անցնող տարվա ընթացքում եկեղեցի հաճախող  մանուկների, պատանիների ու երիտասարդների թվի կտրուկ աճ է գրանցվել, ավելացել է նաև կամավորների ներգրավվածությունն ու նոր ծառայողների թիվը։ ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանն էլ ամփոփեց կանանց համար կազմակերպված համագումարներն ու խոսեց առաջիկայում սերտվելիք նյութերի մասին։ 

Տարին ամփոփեցին նաև հովվական հանձնախմբի ղեկավար վեր. Գառնիկ Թութիկյանը, ՀԱԵ ՀԽ գանձապահ Արթուր Օչինյանն ու ավետարանչության հանձնախմբի համակարգող Արմեն Միսակյանը։ 

Աշխատանքային երկրորդ ժողովը եզրափակեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (АМАА) Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը։ Նա խոսեց ՀԱԵ և АМАА համագործակցության մասին՝ շեշտելով այն ամրապնդելու հեռանկարն ու համատեղ առաքելությունը. «АМАА-ը, ինչպես 30 տարի առաջ օգնեց ՀԱԵ վերակազմավորմանը,  այնպես էլ այսօր պատրաստ է զորակցել»,- նշեց պարոն Դեյիրմենջյանը։

Համաժողովը նշանավորվեց մի քանի մշակութային իրադարձություններով։ Նախ տեղի ունեցավ ՀԱԵ ՀԱԹ փառաբանության խմբի կատարմամբ «Միայն Քրիստոսը» երգի պրեմիերան, այնուհետև հանդիսատեսին երգ նվիրեց համագումարի պատվո հյուր, հայ ազգի մեծ բարեկամ Դանիել Դեքերը։ Նա հայերեն լեզվով հոգևոր երգ կատարեց։ Համագումարի մասնակիցներն առիթ ունեցան նաև դիտելու ՀԱԵ հովիվներ պատ. Արամ Բաբաջանյանի ու պատ. Դավիթ Բաբայանի հետազոտական աշխատանքների հիման վրա ՀԱԵ մեդիա բաժնի ստեղծած ֆիլմը՝ նվիրված անգլիացի գրող, քրիստոնեության ջատագով Ք.Ս. Լյուիսի կյանքին։ Ֆիլմը մխիթարության յուրահատուկ սպեղանի է տառապանքի բովով անցնող յուրաքանչյուր մարդու համար։ Ցուցադրությունից առաջ պատ. Դավիթ Բաբայանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը, ստեղծագործական ընթացքն ու նպատակը, իսկ վերջում պատ. Արամ Բաբաջանյանը խոսեց Լյուիսի մասին, ներկայացնելով նրա քրիստոնեական ստեղծագործությունները, որոնք եկեղեցու ծառայողներն ու հովիվները կարող են ընթերցել ու գործածել ծառայության ընթացքում: 

Համաժողովի կարևոր առաքելությունն էր նաև ՀԱԵ նոր Հոգևոր Խորհրդի ձևավորումը, որը տեղի ունեցավ ընտրությունների միջոցով։ 

Համաժողովն ավարտվեց պաշտամունքով, որի ընթացքում վեր. Հովհաննես Բաջանյանը խոսեց Գործք Առաքելոց 20.17-38 համարներում նկարագրված առողջ ծառայի նշանների մասին։ Պաշտամունքն ավարտվեց Սուրբ Հաղորդության մատակարարմամբ, որն առաջնորդեց ՀԱԵ հովիվ վեր. Գևորգ Գասպարյանը։ 

Նախորդ
...
X