Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց խմբերում պատրաստվում են սերտել Կողոսացիներին ուղղված Պողոս Առաքյալի թուղթն ու Փիլիմոնին ուղղված նամակը։ Բայց նախ սովորում ու նախապատրաստվում են կանանց խմբերում սերտողություն վարող առաջնորդները։ Այս անգամ կանանց խմբերի առաջնորդների համար նախատեսված սեմինարն առանձնացավ խոսնակների բազմազանությամբ։
Նոյեմբերի 2-ին հյուսիսային շրջանի ՀԱԵ տիկնանց խմբերի պատասխանատուները հավաքվել էին Վանաձորում ՀԱԵ հյուրընկալ հարկի տակ։ Վանաձորից, Ստեփանավանից, Թումանյանից, Ալավերդուց, Գյումրիից, Սպիտակից, Շիրակամուտից, Նոյեմբերյանից ու Դիլիջանից ժամանած առաջնորդներն առիթ ունեցան պատ. Դավիթ Բաբայանից լսելու Փիլիմոնին ուղղված նամակի ներածությունն ու գաղափար կազմել թղթից։ Վեր. Վարդան Ափինյանն անդրադարձավ Կողոսացիներին ուղղված նամակին և քույրերին ծանոթացրեց ներածությանը։ Սեմինավարների թվում էր նաև այս ընթացքում Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի ուսանող Շուշան Ենգիբարյանը։ Նա սովորեցրեց կանանց սերտողություն վարելու սկզբունքները, անդրադարձավ խմբերում ներգրավված կանանց առանձնահատկություններին ու դրանց հանդեպ առաջնորդի սուրբգրային կեցվածքին։
Նոյեմբերի 14-ին նույն սեմինարը տեղի ունեցավ Երևանում։ ՀԱԵ «Հույսի Տուն»-ը հյուրընկալել էր Երևանից Բաղրամյան 18-ի ու ՀԱԹ-ի կանանց խմբերի առաջնորդներին, ինչպես նաև Բերդի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Արտաշատի, Այնթապի կանանց խմբերի պատասխանատուներին ու ծառայողներին։ Շուշան Ենգիբարյանը նրանց նույնպես պատմեց սերտողություն վարելու արդյունավետ մեթոդների մասին։ Այնուհետև պատ. Արամ Բաբաջանյանը մանրամասն ներկայացրեց Կողոսացիներին ուղղված նամակի բովանդակությունը, կառուցվածքը, աստվածաբանությունը, իսկ վեր. Ավետիք Խաչատրյանն անդրադարձավ Փիլիմոնի թղթին՝ ներկայացնելով առաջին հայացքից խիստ անձնական թվացող նամակի համամարդկային արժեքն ու հոգևոր կարևորությունը։
Կողոսացիներին և Փիլիմոնին ուղղված նամակները ՀԱԵ կանանց խմբերում կսերտեն 2024 թ.-ի նոյեմբերի կեսից մինչև 2025 թ.-ի փետրվարի վերջը։
Սուրբ Գրքից միևնույն նյութը սերտելու սովորությունը տարիներ շարունակ նպաստել է, որպեսզի ՀԱԵ կանայք հոգևոր միևնույն ընթացքի մեջ լինեն։