.
2024թ., Նոյեմբերի 18

Հովհաննես 14.15-24                                       Երկուշաբթի   |   Նոյեմբերի 18

 

 

«Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի»։ Հովհ. 14.23


ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է


Նիդեռլանդներում ձմեռը հազվադեպ է ձնառատ լինում, բայց այնքան ցրտաշունչ է, որ ջրանցքները սառչում են: Ամուսնուս՝ Թոմի մանկությունն այդ կողմերում է անցել: Անվտանգության ապահովման համար նրա ծնողներն ընտանեկան կանոն էին սահմանել` չքայլել սառույցի վրայով այնքան ժամանակ, քանի դեռ ձիերը չեն անցել այդտեղով։ Մի անգամ Թոմն ու ընկերները խորամանկության դիմեցին, քանի որ մեծ ցանկություն ունեին սահել ջրանցքի վրայով: Նրանք ճանապարհից հավաքեցին ձիերի գոմաղբն ու լցրեցին սառույցի վրա, իսկ հետո օգտագործելով ձիերի հետքը որպես ապացույց՝ անցան սառած ջրանցքի վրայով: Բարեբախտաբար, սառույցը դիմացավ նրանց ծանրությանը, և սուտը չբացահայտվեց: Բայց հոգու խորքում նրանք գիտակցեցին, որ անհնազանդ են եղել ու խախտել են կանոնը:

Հնազանդությունը միշտ չէ, որ ինքնաբերաբար է լինում: Հաճախ այն կարող է պարտքի զգացումով կամ պատժի վախով պայմանավորված ընտրություն լինել: Բայց մենք կարող ենք նաև ընտրել հնազանդությունը մեզ վրա իշխանություն ունեցողների հանդեպ սիրուց և հարգանքից ելնելով:

Հովհաննես 14-ում Հիսուսը մարտահրավեր նետեց Իր աշակերտներին՝ ասելով. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի…Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում» (հ. 23-24): Միշտ չէ, որ հեշտ է ընտրել հնազանդվելը, բայց մեր մեջ ապրող Սուրբ Հոգու զորությունն Աստծուն հնազանդվելու ցանկություն և կարողություն է տալիս մեզ (հ. 15-17): Նրա աջակցությամբ մենք կարող ենք շարունակել հետևել մեզ անմնացորդ սիրող Հոր պատվիրաններին՝ ոչ թե պատժի վախից, այլ փոխադարձ սիրուց ելնելով:


Երբեմն գիտակցաբար անհնազանդություն ենք դրսևորում: Սակայն կարևոր է հնազանդվել Աստծուն, նույնիսկ երբ դա դժվար կամ անհարմար է:


Աղոթք – Սիրելի՛ Աստված, փափկեցրու՛ համառ սիրտս, որպեսզի կարողանամ լսել Քո հրահանգները: Օգնի՛ր ինձ մի կողմ դնել իմ սեփական ծրագրերը և հավատարմորեն հնազանդվել Քեզ:







Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 8-10, Եբրայեցիներին 13