.
«Հանդիպում… ես և Նա»: ՀԱԵ ավետարանչության միջոցառում Վանաձորում

Վանաձորում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նոյեմբերի 3-ին լեփ-լեցուն էր: Եկեղեցասրահը մի քանի ժամով փոփոխվել էր՝ վերածվելով թատերաբեմի: Պատճառը մեկն էր՝ ՀԱԵ մի խումբ երիտասարդներ (Երևանից, Աբովյանից, Այնթապից, Վանաձորից) միաբան պատրաստվում էին «Հանդիպում… ես և Նա» ներկայացմանը:

Ներկաներն անհամբերությամբ սպասում էին՝ հասկանալու, թե ինչի համար են այս փոփոխությունները: Մի քանի րոպե անց սկսվեց ներկայացումը. մի կերպարի միջոցով ցուցադրվեց աներևելի պայքար, որն ամեն օր տեղի է ունենում յուրաքանչյուրիս մտքում ու սրտում:  

Ներկայացվում էր, թե ինչպես է մարդը լույսը թողնում ու հետևում խավարին, իսկ հետո գիտակցելով՝ սկսում պայքարել և ուժասպառ ընկնում: Սակայն այստեղ ամեն բան չի ավարտվում, քանի որ նրան է մոտենում ու բարձրացնում հարուցյալ Քրիստոսը, ում լույսից խավարը վերանում է, քանի որ Նրա մեջ ոչ մի խավար բան չկա:

Ներկայացմանը հաջորդեց փառաբանությունը, այնուհետև պատգամաբեր վեր. Վարդան Ափինյանը խոսեց Հովհ. 3.16 համարի շուրջ՝ հիշեցնելով Աստծո գերազանց ու փրկարար սիրո մասին, իսկ վերջում ներկաներին դիմեց հարցումով. «Ի պատասխան Աստծո փրկարար սիրո, ո՞րը կլինի քո պատասխանը»:

Ներկաներից ոմանք գուցե իրենց տեսան ընկած վիճակում, ոմանք՝ պայքարելիս, ոմանք էլ տեսան խավարի գոյությունը, սակայն սրանց կողքին բոլորը տեսան Լույսի՝ Աստծո, անսահման սերը, ով եկավ ու ողորմածությամբ Իր փրկարար ձեռքը մեկնեց ընկածին:

Ներկայացման վերջում միայն դահլիճը չէր, որ փոփոխված էր… գուցե նաև սրտե՞րը:  

Նախորդ
...
X