.
Փառաբանության երեկո Բաղրամյան 18-ում

Հոկտեմբերի 31-ին, երբ աշխարհը նշում է մահվան տոնը՝ Halloween-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Բաղրամյան 18-ի, ՀԱԹ-ի, «Հույսի Տան», Աբովյանի ու Այնթապի երիտասարդները հավաքվել էին՝ նշելու Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ:

Բաղրամյան 18-ի երիտասարդական նվագախումբ-երգչախումբը փառաբանության յուրօրինակ երեկո էր կազմակերպել՝ հիշեցնելով, որ քրիստոնյաներն ազատ են վախից ու կանչված են ամեն օր տոնելու Քրիստոսի հաղթանակը: Աստծուն մեծարող, գովերգող ու Աստծո մեծ ողորմության մասին պատմող երգերը միավորել էին 200-ից ավելի երիտասարդի, ովքեր, հրաժարվելով աշխարհի միտումներից, նախընտրել էին Տիրոջ տանը լինել: 

Ի՞նչ է տոնում աշխարհը, և ի՞նչ պետք է տոնի քրիստոնյան ամեն օր. երիտասարդները լսեցին նաև Աստծո Խոսքից առնված պատգամը ՀԱԵ ՀԱԹ հոգևոր հովիվ, ՀԱԵ ավագ հովվի տեղապահ վեր. Ավետիք Խաչատրյանից: 

«Աշխարհն այսօր ոչ թե դիմակավորվում, այլ հակառակը՝ հանում է դիմակը, և մենք տեսնում ենք անաստված, կռապաշտ աշխարհի սարսափելի դեմքը»,- նշեց վերապատվելին՝ անդրադառնալով նաև Halloween-ի նախապատմությանը: 

Մի ժամանակ այն պարզապես կելատական մշակույթի մեջ դևերից սարսափելու պատճառով նրանց պաշտելու ավանդույթ էր, որը 6-րդ դարում, կաթոլիկ եկեղեցու կողմից քրիստոնեականացվելու փորձի ենթարկվեց՝ ստանալով Halloween անունը (թարգմանաբար նշանակում է՝ բոլոր սրբերի օրվա նախօրե): Բայց միայն անունը փոխվեց, էությունը շարունակեց մնալ չարի պաշտամունքը, մահվան ու դժոխքի մեծարումը, վախի սերմանումը. «Բայց Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել և մենք արդեն հաղթանակած ենք»,- նշեց վերապատվելին՝ անդրադառնալով սուրբգրային այն համարներին, որտեղ Աստված հորդորում է հեռու մնալ կռապաշտությունից, զգույշ լինել գայթակղությունից ու ամենօրյա վկայությամբ աղ և լույս լինել կործանվող աշխարհի համար (Ա Կորնթ. 10.14-22, Կող. 2.6-15, Հովհ.  3.18-20): 

«Halloween նշել կամ չնշելը չէ, որ մեզ տարբեր է դարձնում, այլ ամենօրյա սրբակենցաղ կյանքը»,- ավելացրեց վեր. Խաչատրայնը՝ ամփոփելով բարձրաձայնված հարցերի սուրբգրային պատասխանները. «Աշխարհի մեջ պետք է Քրիստոսինը լինենք, ու ոչ թե ատենք նրանց, ովքեր նշում են այդ օրը, այլ սիրով ցույց տանք նրանց դեպի Աստծո գիրկը տանող ճանապարհը՝ դեպի Քրիստոսը» (Բ Տիմ. 1.7-8, Գործք. 26.18, Մատթ. 4.19, Մատթ. 28.18-20):

Փառաբանության երեկոն ավարտվեց խորհրդանշական մի երգով, որն արտահայտում էր եկեղեցասրահում հավաքված երիտասարդների համոզմունքը. 

«Տերն է փրկությունը մեր,

Հույսն է նա և զորությունը մեր,

Տերն է ապավենը մեր կյանքի,

Եվ մենք չարից չենք սարսափի...»:

 

Նախորդ
...
X