.
2024թ., Նոյեմբերի 8

Ծնունդ 8.1-5, 13-18                                        Ուրբաթ   |   Նոյեմբերի 8

 

 

 

Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր … Իմ ժամանակը քո ձեռքին է: Սաղմ. 31.14-15


ԱՍՏԾՈ ԺԱՄԱՆԱԿԸ


Մեգին անհամբեր սպասում էր մեկ այլ երկրում արձակուրդն անցկացնելու ծրագրված ուղևորությանը: Բայց, ինչպես միշտ, նա նախ սկսեց աղոթել դրա համար: «Սա պարզապես արձակուրդ է», - նշեց նրա ընկերուհին,- ինչո՞ւ է անհրաժեշտ խորհրդակցել Աստծո հետ»։ Մեգին, սակայն, հավատարիմ էր ամեն բան Աստծուն հանձնելու գաղափարին: Այս անգամ նա զգաց, որ Տերը հորդորում է իրեն չեղարկել ճանապարհորդությունը: Նա այդպես էլ վարվեց, և ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ երկրում համաճարակ է բռնկվել: «Ես զգում եմ, որ Աստված պաշտպանում է ինձ», - նշում է Մեգին:

Նոյը նույնպես ապավինում էր Աստծո պաշտպանությանը, երբ նա և իր ընտանիքը ջրհեղեղից հետո մոտ երկու ամիս սպասեցին տապանում։ Ավելի քան տասն ամիս փակված մնալուց հետո նա հավանաբար ցանկանում էր դուրս գալ: Նոյը տեսավ, որ «ջրերը ցամաքեցին երկրի վրայից» և «ահա երկրի մակերեսը ցամաքել էր» (Ծննդ. 8.13): Բայց նա չէր ապավինում միայն իր տեսածին. փոխարենը, նա լքեց տապանը միայն այն ժամանակ, երբ Աստված ասաց նրան դա անել (հ. 15–19): Նա հավատում էր, որ Աստված երկար սպասելու իրական պատճառներ ուներ. գուցե երկիրը դեռ լիովին ապահով չէր։

Երբ մենք աղոթում ենք կյանքի որոշումների համար՝ օգտագործելով մեր՝ Աստծո կողմից տրված կարողությունները և սպասելով Նրա առաջնորդությանը, մենք կարող ենք վստահել Նրա ժամանակին՝ իմանալով, որ մեր իմաստուն Արարիչը գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը: Ինչպես սաղմոսերգուն ասաց. «Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր … Իմ ժամանակը քո ձեռքին է» (Սաղմ. 31.14-15):


Մեր կյանքի բոլոր որոշումների ու ծրագրերի մեջ վստահենք Աստծո առաջնորդությանը:


Աղոթք – Հա՛յր, լցրու՛ ինձ իմաստությամբդ և առաջնորդի՛ր, որպեսզի շարժվեմ ըստ Քո կամքի և ճանապարհների՝ վստահելով Քո ծրագրերին: Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 43-45, Եբրայեցիներին 5