Մատթեոս 20.20-28 Շաբաթ | Նոյեմբերի 2
… ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի։ Մատթ. 20.26
ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼ՝ ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼՈՎ
Բրեդը երբ տեղափոխվեց նոր քաղաք, առաջին գործը եկեղեցի գտնելն էր, որտեղ կարող էր պաշտել Աստծուն: Նա մի քանի շաբաթ մասնակցեց պաշտամունքներին, իսկ հետո մի կիրակի խոսեց հովվի հետ՝ ցանկություն հայտնելով ցանկացած ծառայություն անել Աստծո տան մեջ. «Ես ուղղակի ցանկանում եմ վերցնել ավելը և գործի անցնել»։ Նա սկսեց օգնել, աթոռները դասավորել ծառայությունների համար և մաքրել զուգարանները: Համայնքն ավելի ուշ իմացավ, որ Բրեդի տաղանդը դասավանդման մեջ էր, բայց նա պատրաստ էր ամեն ինչ անել՝ ծառայելով Աստծուն:
Հիսուսը ծառայության մասին դաս սովորեցրեց իր երկու աշակերտներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, և նրանց մորը, ով խնդրեց, որ իր որդիներն արքայության մեջ պատվավոր տեղ ունենան Քրիստոսի աջ ու ձախ կողմերում (Մատթ. 20.20-21): Մյուս աշակերտները լսեցին այս մասին և բարկացան նրանց վրա։ Երևի նրանք էլ ցանկություն ունեին այս պաշտոնները զբաղեցնել։ Հիսուսն ասաց նրանց, որ ուրիշների վրա իշխանություն գործադրելն ապրելու ուղի չէ (հ. 25-26), փոխարենը՝ ծառայությունն ամենակարևորն է. «… ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի» (հ. 26):
Բրեդի օրինակը գործնական պատկեր է այն բանի, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել մեր համայնքներում և եկեղեցիներում՝ Քրիստոսին ծառայելու համար: Բրեդը ցույց տվեց իր մեծ փափագն Աստծո հանդեպ հետևյալ կերպ. «Ես ուզում եմ ծառայել Աստծո փառքին, աշխարհի բարօրության և իմ ուրախության համար»: Արդյո՞ք պատրաստակամ ենք Աստծո համար ավելին անելու:
Ինչպե՞ս կարող ենք ծառայել մեր եկեղեցիներում: Որտեղի՞ց կարող ենք սկսել։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, Դու այնքան շատ բան ես արել ինձ համար և արժանի ես իմ անկեղծ սիրուն: Զորացրու՛ և օգնի՛ր ծառայեմ ուրիշներին՝ Քո անսահման սերը բաժնեկցելով: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 27-29, Տիտոսին 3